ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը անցկացրել են իրենց առաջին տեսազրույցը, որտեղ նրանք մի քանի ժամ քննարկել են իրենց տարաձայնությունները, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ երկու տերությունները կարող են և պետք է համագործակցեն:

Նրանք նախկինում երկու անգամ հեռախոսով խոսել են։ Ամերիկյան հրապարակումները գրում են, որ Սպիտակ տունը հույս ուներ անձնական հանդիպման, սակայն Սի Ցզինպինը պատրաստ չէր մեկնել արտերկիր, համաճարակի պատճառով  նա գրեթե երկու տարի չի լքել Չինաստանը։

«Ես շատ ուրախ եմ տեսնել հին ընկերոջս»,- հանդիպման սկզբում ասել է Չինաստանի ղեկավարը։ Նա ընդգծել է երկու երկրների հարգանքը, համագործակցության և կայուն հարաբերությունների անհրաժեշտությունը։

Սի Ցզինպինը նշել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը տնտեսական չափերով համաշխարհային առաջատարներ են, և երկու երկրներն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են։

Հունիսին Բայդենը լրագրողին ասել էր, որ ինքը և Սի Ցզինպինը ընկերներ չեն, նրանք պարզապես վաղուց էին ճանաչում միմյանց: Բայց երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Ամերիկայի նախագահը նկարագրել է ոչ պաշտոնական և անկեղծ հարաբերությունները, որոնք կապում են իրեն իր չինացի գործընկերոջ հետ:

Նա նշել է նաև այն թեմաները, որոնք բաժանում են իրենց, և ասել, որ երկու երկրների միջև մրցակցությունը չպետք է վերածվի հակամարտության: Չնայած իրենց տարաձայնություններին, նրանք պարտավոր են միասին աշխատել, այդ թվում՝ գլոբալ տաքացման դեմ պայքարում, ասել է Բայդենը։

1018