Արայիկ Հարությունյանը դատի կտա «Սեռական դաստիարակություն» առարկա նախատեսելու վերաբերյալ սուտ տեղեկություն տարածողներին:  «Ֆեյսբուքում» լուրը գրել է «Անտարես մեդիա-հոլդինգի» նախագահ Արմեն Մարտիրոսյանը: 
«Լավ կանի։
Բայց ինձ այլ բան է հետաքրքրում։
Ես կարծում եմ, որ «Սեռական դաստիարակություն» առարկա պետք է, և եթե ոչ առանձին, ապա անատոմիայի կամ այլ առարկայի շրջանակներում։
Սա պետական անվտանգության հարց է։
Հայաստանի կանանց մեկ քառորդը բալիկ չի ունենում այս կամ այն խնդիրների պատճառով, որոնց մեծամասնությունն ունեն մշակութային հիմք։ Անչափահաս տարիքում առանց պաշտպանվելու սեռական ակտեր, անհաջող փորձերից ստացված հոգեբանական խնդիրներ, տարբեր տիպի հիվանդություններ ու սեռավարակներ, ոչ հիվանդանոցային պայմաններում կատարվող աբորտների տխուր հետևանքներ և այլն։
Իսկ եթե կանանց մեկ քառորդը բալիկ չի ունենում, ապա բանակի զինվորների մեկ քառորդը չի ծնվում, էլ չեմ խոսում տնտեսական կամ դեմոգրաֆիական հետևանքների մասին։ Սեռական դաստիարակությունը անչափահասի դաստիարակության մի կարևոր մասն է ու եթե այն չի դասավանդվում, ապա երեխան մեծանում և դառնում է սեռական անդաստիարակ՝ համապատասխան հետևանքներով։
Ու՞մ է ուսուցչի կամ ծնողի տված սեռական դաստիարակությունը մինչ այսօր խանգարել։
Իսկ ո՞վ է այս բնագավառի տեղեկությունները ստացել հայաթի Վաղո ձյաձյայից։
Ի՞նչն է կարևոր, հաղթահարել հիմար կոմպլեքսները ու խոսել երեխայի հետ այս թեմայով, դասավանդել այս թեմաները դպրոցում, թե՞ ունենալ չհամալրվող բանակ, դժբախտ ամուսնություններ և առողջական խնդիրներ։
Ո՞ր երեխան է էլեկտրականության մասին ստացել նորմալ գիտելիք և հետո տոկից մահացել կամ տեսողությունը կորցրել։ Իսկ տոկից մահացածների կամ հաշմանդամ դարձածների քանի՞ տոկոսն է ունեցել էլեկտրականության մասին գիտելիք։
Լուցկուց ճիշտ օգտվել իմանալը ու՞մ է դրդել, որ ինքն իրեն հրկիզի։
Տեղեկությունը և կրթությունը ոչ մեկին չեն խանգարել կյանքում։
Իսկ անկրթությունը մեծ չարիք է և անձի, և հասարակության համար»,- տեղեկանում ենք գրառումից:

257