
Ֆրանսիան Մեծ Բրիտանիային կոչ է անում «լրջորեն համագործակցել» Լա Մանշը հատող միգրանտների հետ կապված ճգնաժամը լուծելու համար։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը՝ Հռոմում Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Միգրանտները չեն ցանկանում մնալ Ֆրանսիայում: Նրանք ցանկանում են ամեն գնով հասնել Մեծ Բրիտանիա»,- ասել է Մակրոնը, ում ելույթը հեռարձակել է Ելիսեյան պալատը: «Իրական պատասխանը պետք է լինի լուրջ համագործակցության մեջ՝ անօրինական միգրանտների շրջանառության ցանցերը չեզոքացնելու համար»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրապարակային նամակը, որտեղ քննադատվում է Փարիզի գործողությունները՝ Մակրոնը նշել է, որ «զարմացած է Լոնդոնի մոտեցման անլուրջությունից»։ «Երկրների ղեկավարների հարաբերություններում ընդունված չէ շփվել թվիթերի կամ բաց նամակների միջոցով»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։