Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի հիմնական վտանգը մեծ թվով մուտացիաներն են այն հատվածներում, որոնց սովորաբար կցվում են մարդու օրգանիզմի կողմից արտադրվող հակամարմինները։ Սա կարող է հանգեցնել նրան, որ այլ շտամների դեմ արդեն ձևավորված իմունիտետն արդյունավետ չի լինի «Օմիկրոնի» դեմ: Այս մասին «Lentа.ru»-ին պատմել է կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի (Վիրջինիա, ԱՄՆ) Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան։

Կենսաբանը նշել է, որ Հոնկոնգում հոսպիտալացված «Օմիկրոն» շտամով հիվանդներն արդեն պատվաստվել են։ Դա նշանակում է, որ պատվաստանյութերի ձևավորած իմունիտետը արդյունավետ չի լինի «Օմիկրոնի» դեմ:

«Ստացվում է, որ հակամարմինները չեն կարող հուսալիորեն ճանաչել S-սպիտակուցը, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող կպչել վիրուսի շուրջ և չեզոքացնել այն: Եվ սա ամենամեծ վտանգն է, մանավանդ որ մենք արդեն գիտենք, որ Հոնկոնգում «Օմիկրոնով» հիվանդացած մարդիկ ամբողջությամբ պատվաստվել են»,- ասել է Բարանովան։

Հիշեցնենք՝ B.1.1.529 կորոնավիրուսային շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում նոյեմբերի 11-ին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն ճանաչել է որպես վտանգավոր և նախազգուշացրել արդեն COVID-19-ով հիվանդներին «Օմիկրոնով» հնարավոր վարակի մասին:

Sputnik V պատվաստանյութի մշակողները նշել են, որ դեղամիջոցի արդյունավետության ուսումնասիրությունը «Օմիկրոնի» շտամի դեմ կտևի մոտավորապես երեք շաբաթ, և կատարելագործված  խթանիչ դոզայի զանգվածային արտադրությունը կարող է սկսվել 2022 թվականի փետրվարի կեսերին:

1788