«Դիակն տեղափոխել են անատոմիկ՝ հերձման: Հարազատները դուրս եկան հիվանդանոցից»,- Araratnews.am-ին ասաց Շենգավիթ ԲԿ-ում մահացած ծննդկանի ընկերուհին Արփինե Մարգարյանը:
Հիշեցնենք՝ երեկ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30–ամյա ծննդկան է մահացել։
Արփինե Մարգարյանը մանրամասներ ներկայացրեց դեպքից: Ծնունդն ընդունող բժիշկ Աշոտ Սիրունյանը չի տեղեկացրել անգամ՝ ինչպես է ծնվել ծննդկանի երեխան, որ ժամին, որ ժամին է մահացել ծննդկանը:
Հարազատներին կասկածելի է թվացել հիվանդանոցում անվտանգության աշխատակիցների ավելանալը գիշերը ժամը 5-ին: Սիրունյանը հարազատների զանգերին չի պատասխանել: Սիրունյանը՝ բժիշկը, հարազատների զանգերին չի պատասխանել: Միայն ժամը 5-ին կանչել է ծննդկանի ամուսնուն, որ ցույց տա մահացած կնոջը:
Ծննդկանը նախքան այս հղիությունն արտարգանդային ընդհատված հղիություն է է ունեցել «Աստղիկ» ԲԿ-ում: «Այդ ժամանակ Սեդային մի անտիբիոտիկ էին ներարկել, որի պատճառով Սեդան ընկել էր ահավոր ռեակցիայի մեջ 2 տարի առաջ: Նա ալերգիա ունի անտիբիոտիկներից: Երբ Սեդան եկավ Աշոտ Սիրունյանի մոտ որպես լավ բժիշկ, նրան ասաց ամեն ինչ: Սեդայի անկետայում գրված է՝ նա ունի մահացու ռեակցիա անտիբիոտիկներից»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Արփինե Մարգարյանի տեղեկացմամբ բժիշկ Աշոտ Սիրունյանը զանգահարել է Սեդայի ամուսնուն, հարցրել՝ նա անտիբիոտիկներից ալերգիա ունի՞: «Դեղը տվել ենք, ու նա վատ է»,-մեջբերեց բժշկի խոսքից Արփինեն:
Ամուսինը վրդովվել է՝ չէ՞ որ բժիշկը գիտի, անկետայում գրված է՝ Սեդային հակացուցված է անտիբիոտիկ: Բժիշկն ասել է՝ լավ, հիմա փորձում են կարգավորել:
Սեդայի դին, ըստ Արփինեի, փորձել են հիվանդանոցի ետեւի մուտքից դուրս հանել, հավանաբար օրգանիզմը դեղի հետքերից մաքրելու, բայց չի հաջողվել: «Մեզ համար աբսուրդ էր այն, որ երբ մահ է գրանցվում, պետք է ոստիկան գա, դատաբժշկական փորձաքննություն անելուց հետո նոր դիակը պետք է դուրս հանվի: Սակայն ոչ մի ոստիկան չի եղել: Ստիպված զանգել ենք լրագրողներին»,- մանրամասնեց Արփինեն:
Հարազատներին զարմացրել ու զայրացրել է նաև այն, որ մի բժիշկը որպես հերթապահ գրանցվել է՝ ընդունելու տասնյակ ծնունդներ, որը ֆիզիկապես հնարավոր չէ:
Ի դեպ, մահացած ծննդկանի հարազատներից Արփինեի խոսքով բժիշկ Աշոտ Սիրունյանը պահանջել է 200.000 դրամ, որը ինքն ընդունի ծնունդը:
Սոնա Դավթյան