
Հարուցվել է քրեական գործ Այրումի համայնքապետարանի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ տարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Հաղթանակ բնակավայրում գտնվող շենքերից մեկի վթարային աստիճանահարթակի և աստիճանավանդակի փլուզման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ,
Ինչպես տեղեկացրել ենք 2021թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, փլուզվել էին Տավուշի մարզի Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի 12-րդ փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի վթարային աստիճանահարթակը և աստիճանավանդակը, որի հետևանքով նույն բնակավայրի 3-ամյա երեխան մահացել է, իսկ վեց մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն։
ՔԿ-ից նշում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Այրումի համայնքապետարանի աշխատակիցները, իրենց ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք, պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։