Աբովյանում ՀՅԴ-ի համայնքապետի թեկնածու Արման Մեղրյանն այսօր լրատվականներից մեկի հետ զրույցում հայտնել էր, որ իբր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կազմակերպմամբ ՔՊ-ականներն Աբովյանում ընտրատեղամասերի առջև ուղղորդումներ են անում:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Պետրոսյանն այս մեղադրանքները համարեց զրպարտանք: «Թեկնածուն այս խոսքերով փորձում է անվանարկել իմ քաղաքական բարի համբավը: Ես չգիտեմ, թե ՀՅԴ-ի թեկնածուն ինչ նկատի ունի՝ ասելով, թե իմ կազմակերպմամբ է ուղղորդում լինում, բայց ես իմ ամբողջ գիտակցական կյանքը պայքարել եմ քաղաքական այդպիսի արգահատելի երևույթների դեմ, ինչպիսի երևույթների մաս է կազմել հենց այդ նույն կուսակցությունն  իր կոալիցիոն գործընկերային շրջանակներում: ՀՅԴ-ի թեկնածուն Աբովյանում արջի նման մի երգ գիտի, դա էլ մեղրի մասին է: Ինչ խոսում է, իմ մասին է ասում»,- նշեց Պետրոսյանը:

Նա կոչ արեց իրենց օպոնենտներին պահել կոռեկտության սահմաններում:

«Այլապես նման զրպարտանքներ պարունակող հայտարարությունները ես կվիճարկեմ դատական կարգով»,- շեշտեց նախարարը:

Հարցին՝ Աբովյանում այլ քաղաքական ուժերի կողմից ընտրական կարգը խախտող գործողություններ նկատե՞լ են, թե՞ ոչ, Ռոմանոս Պետրոսյանը նշեց. «Մի քանի լրատվականներում նմանօրինակ երևույթները կրկին վերագրում են ինձ, բայց կոնկրետ կադրերում երևում են մեր մրցակից ուժերի ներկայացուցիչները: Զավեշտի է նման, բայց փաստ է: Իսկ առհասարակ ՔՊ-ն պայքարել է նման երևույթների դեմ, և ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մասնավորապես Աբովյան խոշորացված համայնքի ընտրությունների ընթացքում մեր թիմը որևէ նման անընդունելի գործիքակազմերի չի կարող դիմել»:

967