Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը Երևանում կազմակերպել է գիտագործնական կոնֆերանս՝ «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ  քննարկումներից բացի նախատեսվում են երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված միջազգային վարժանքներ: 

Կոնֆերանսում ելույթ ունեցավ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ նշելով, որ 33 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը երևան բերեց բնակելի համալիրների և այլ շինությունների ամրության հետ կապված բազմաթիվ թերություններ և խնդիրներ: Շեշտեց՝ Հայաստանում շենքերի սեյսմիկ կայունությունը շարունակում է արդիական խնդիր մնալ։ 

Նախարարի խոսքով՝ մշակվում և ներդրվում են շենքերի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ։ Բացի շինարարական բաղադրիչից, Հայաստանում և Արցախում պարբերաբար աշխատանքներ են իրականացվում բնակչության հետ, կազմակերպվում են բնակչության տարհանման վարժանքներ:

«Մենք 33 տարվա վաղեմության ծանր հիշողություններ ունենք։ Այսօր աշխարհի հետ կիսում ենք մեր փորձը և վերցնում համաշխարհային փորձը։ Ամեն տարի այս օրերին Հայաստանում և սփյուռքում տեղի են ունենում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ»,- նշեց նախարարը։ 

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը նշեց, որ Սպիտակի երկրաշարժից տարիներ անց երկրաշարժերի կանխարգելման, մոնիթորինգի ու հետևանքների գնահատման աշխատանքները թույլ են տվել զգալի փորձ կուտակել, ինչը պահանջված է և օգտակար է իմանալ։

«Սպիտակի երկրաշարժը ստիպեց բոլորին մտածել և ուշադրություն դարձնել նմանատիպ աղետներին։ Այն առիթ դարձավ ստեղծելու անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, որոնք թույլ է տալիս ավելի քիչ կորուստեր ունենալ և խուսափել նման աղետներից»,- ընդգծեց Գրեչուշկինը։  

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարն ավելացրեց, որ նախատեսվում է նաև Ռուսաստանի և Հայաստանի ԱԻՆ մասնագետների համատեղ աշխատանքը շենքերի ու կառույցների սեյսմակայունության գնահատման «Ստրունա» շարժական համալիրի հետ: 

Քննարկումներից հետո նախատեսվում են նաև երկրաշարժի հետևանքների վերացման միջազգային ցուցադրական վարժանքներ՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Ռուս-սերբական մարդասիրական կենտրոնի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Իրանից ժամանած փրկարարների ուժերով և միջոցներով:

103