Հայ-Ռուսական համալսարանում դեկտեմբերի 6-ին մեկնարկել է ՀՌՀ-ի 15-րդ ամենամյա գիտաժողովը, որի ընթացքում ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական եւ հումանիտար գիտական ուղղություններով ներկայացվելու է ավելի քան 363 զեկույց:
Գիտաժողովի բացմանը ներկայացվեցին նաեւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ու Երևանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի ողջույնի խոսքերը։ Իր բացման խոսում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ ռուս-հայկական փոխգործակցությունը կրթական ոլորտում ավանդաբար պահպանվում է բարձր մակարդակի վրա՝ մնալով ՌԴ եւ ՀՀ ռազմավարական դաշինքի առանցքային կողմերից մեկը։
«Այսօր բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառում մեր համագործակցությունը շարունակում է զարգանալ, այդ թվում ՝ մեր երկրների գիտական հաստատությունների միջեւ կայուն միջբուհական կապերի, կոնտրակտների ձեւավորման ուղղությամբ», - ընդգծեց Կոպիրկինը։
Իր բացման խոսքում Հայ-Ռուսական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգեւ Ավետիսյանը նշել է, որ ՀՌՀ-ի ամենամյա գիտաժողովն իր որակով եւ բովանդակությամբ հավակնում է միջազգային նշանակության կարգավիճակին:
«Մեր բուհի գիտական կոլեկտիվները պատվով են մրցակցում այլ բուհերի ներկայացուցիչների հետ: Եվ ես առաջին հերթին նկատի ունեմ ՀՀ գիտության կոմիտեի կողմից անցկացվող մրցույթների արդյունքները, որոնք փաստում են, որ ՀՌՀ-ն իր արժանի տեղն է զբաղեցնում ոչ միայն Հայաստանի գիտական տիրույթում, այլ նաեւ արտասահմանյան հեղինակավոր գիտական շրջանակներում»,- շեշտել է նա:
Նշենք, որ գիտաժողովի բացմանը զեկույցներով հանդես են եկել ՀՌՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը, ՀՌՀ-ի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն Հայկ Սարգսյանը եւ Մոսկվայի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան, Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի ռեկտոր Լեւ Բելոուսովը:
Հայ-Ռուսական համալսարանի 15-րդ ամենամյա գիտաժողովն ավարտվելու է դեկտեմբերի 10-ին: