Ի պատասխան ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հանուն Հանրապետության կուսակցությունը դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Արթիկ, Նոյեմբերյան, Արմավիրի մարզի Արաքս և Արարատ խոշորացված համայնքներում Ապրելու երկիր և կամ Զարթոնք կուսակցության հետ կոալիցիոն գործընկերության որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել և այդպիսի հնարավորություն չի դիտարկում։ Կուսակցության սկզբունքային դիրքորոշումն է՝ մերժել որևէ համագործակցություն բոլոր այն ուժերի հետ, ովքեր անթաքույց կամ քողարկված աջակցում են նախկին ռեժիմի պարագլուխներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանց օլիգարխիկ, կիսաքրեական պրոքսիքաղաքական կեղծ ուժերին, կամ իրենց գործունեությամբ նպաստում են վերջիններիս վերակենդանացմանը։ Կուսակցությունը խստորեն մերժում և դատապարտում է որևէ համագործակցություն երրորդ երկրներից գործուղված կեղծ մեկենասների և բարեգործների քաղաքական գործունեությանը սոցիալական և տնտեսական ծանր իրադրության մեջ գտնվող Հայաստանում։ Հանուն Հանրապետության կուսակցությունը հավատարիմ է գաղափարական և արժեբանական ընդհանրության շուրջ համագործակցության բոլոր ձևերին՝ հիմնված Հայաստանի ժողովրդավարացման և հիմնարար բարեփոխումների ընթացքն անշրջելի դարձնելու նպատակի վրա։ Ընտրությունների արդյունքում ստացված քվեներն ի նպաստ տեղական համայնքների զարգացման և առաջընթացի արդյունավորելու նպատակով Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի պատասխանատու մարմինը շարունակում է համերաշխ քննարկումները նշյալ համայնքներում ընտրություններին մասնակցած մեր կուսակցության ավագանու ցուցակների առաջնորդների և անդամների հետ։

399