
Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը;
Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա նշել է, որ Հայաստանը ողջունում է դատարանի որոշումը և սպասում է դրանց իրականացմանը Ադրբեջանի և այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, նախագահությամբ դատավոր Ջոան Դոնոգյուի, դեկտեմբերի 7-ին հրապարակել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հրատապ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշումը:
Ըստ որոշման առաջին կետի՝ Ադրբեջանը պետք է բռնությունից պաշտպանի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց անվտանգությունը և երաշխավորի նրանց հավասարությունն օրենքի առջև: Որոշումը հրապարակված է կառույցի կայքէջում։
Միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու համար, ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից: Ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտերի:
Դատարանը կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կդժվարացնեն դատարանի աշխատանքը: