Ալիևը շարունակում է հոխորտալ «Զանգեզուրի միջանցքի» մասին, թեև օրեր առաջ եռակողմ հայտարարությունն այլ բովանդակություն ուներ։ Ալիևյան հայտարարություններին նախորդել էր փոխվարչապետերի հանդիպման ձախողված օրակարգը, այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների չկայացած հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։ Սրան էլ հաջորդելու են Պուտին-Բայդեն տեսակոնֆերանսն ու Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը։ Ու կկայանա՞ այս հանդիպումը՝ արդեն դժվար է ասել։

Այս և այլ թեմաների շուրջ  Araratnews.am-ի տաղավարում զրուցել ենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ:

Հարցին` արդյոք Ալիևի ռազմատենչ հայտարարությունները ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին նպատակ չեն հետապնդում վիժեցնելու դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, Արմեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Սոչիի հանդիպումից հետո պայմանավորվածություններ են խախտվել. «Հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում փորձում եմ տարբեր բանաձևումների շրջանակներում հասկանալ` ով է խախտող կողմը, թե որ դերակատարն է հրաժարվում Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններից: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի հռետորաբանությունը, որը կրկին վերադարձավ նախկին հունին, հանդիպումից օրեր անց Աշխաբադից սկսած»,- ընդգծում է փորձագետը` հավելելով թուրքական կողմի որոշակի ակտիվացումները՝ Ռուսաստան Թուրքիա վերջին օրերին արձանագրված ակտիվ շփումները, երկու երկրներից հնչող ուղերձները. «Կարծես թե այսպիսի պատկեր է ստացվել: Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, երբ Ալիևը զեկուցել է Էրդողանին, ակնհայտ է, որ այն դուր չի եկել ավագ եղբորը, և նրանք փորձ են անում վերանայել պայմանավորվածությունը»:

Հայկ Մագոյան

Մանրամասները` տեսանյութում:

18243