
Չորեքշաբթի օրը կործանված ուղղաթիռում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Բիպին Ռավատը մահացել է։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
«Խոր ափսոսանքով հայտնում ենք, որ վթարի հետևանքով զոհվել են գեներալ Բիպին Ռավատը, Մադհուլիկա Ռավատը (գեներալ Ռավատի կինը) և 11 այլ անձինք, որոնք գտնվել են ինքնաթիռում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ .
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հայտնում են նաև, որ մեկ մարդ՝ կապիտան Վարուն Սինգհը, ողջ է մնացել և բուժվում է։ Նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ռազմական ուղղաթիռը, որում գտնվել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Բիպին Ռավատը, վթարի է ենթարկվել Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում։ Ըստ նախնական վարկածի՝ այն կարող էր տեղի ունենալ վատ տեսանելիության պատճառով։