Սոցցանցերը ողողված են Ստամբուլում նկարահանված տեսանյութերով, որտեղ երևում է էժան հացի համար փողոցներում գոյացած մեծ հերթերը։ Նշենք, որ հացի գինը սուբսիդավորվում է քաղաքապետարանի կողմից։

Այս առնչությամբ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն գրել է.

«Ցավոք, մեր ժողովուրդն աղքատացել է, եւ դա փաստ է։ Բայց ես դեմ եմ մեր հայրենակիցների մասնակցությամբ կադրերի հրապարակումից։ Տեսանյութերում երևում է՝ ինչպես են մարդիկ հերթ կանգնում էժան հաց գնելու համար»:

 

Նա նշել է, որ մեկ տարվա ընթացքում ալյուրի պարկը 127 լիրայից թանկացել է մինչև 325 լիրա: Իմամօղլուն խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ստամբուլի բնակիչներն էժան հացով ապահովված լինեն։

 

Հիշեցնենք, որ  թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել: Մեկ տարվա ընթացքում թուրքական լիրան էժանացել է գրեթե 40 տոկոսով։ Ժողովրդահանրապետական կուսակցության և Լավ կուսակցության առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել են ոչ կոմպետենտ լինելու մեջ։ Հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին։ Սակայն Էրդողանը մերժել է ընդդիմության պահանջը` հայտարարելով, որ ընտրությունները կանցկացվեն նախանշված ժամկետում, այսինքն` 2023 թվականի հունիսին։

Լյուսիյա Պետրոսյան

20557