2021 թվականը շարունակվեց նախորդ տարվա տրամաբանությամբ: Աշխարհը պայքարում էր  Covid 19-ի դեմ, իսկ դրան զուգահեռ շարունակվում էին համաշխարհային ու տարածաշրջանային նոր վերադասավորումները, որտեղ հզորագույն պետությունները փորձում էին մեծացնել իրենց ազդեցությունը և ամրապնդել իրենց անվտանգությունը։

Տարվա սկզբին քիչ թե շատ անկանխատեսելի էր ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը նոր նախագահ ուներ։ 2020-ի նոյեմբերի ընտրություններից հետո Դոնալդ Թրամփը լքեց Սպիտակ տունը, իսկ նրա փոխարեն եկավ դեմոկրատ Ջո Բայդենը։ Ակնհայտ էր, որ Ջո Բայդենը չի շարունակի Թրամփի կտրուկ, երբեմն չհիմնավորված քաղաքականությունը։

Այն, որ ամեն ինչ այլ սցենարով է զարգանալու, երևաց հենց տարվա սկզբին՝ Սպիտակ տան «գրավմամբ»։  Դոնալդ Թրամփի աջակիցները  հունվարի 6-ին ճեղքելով ոստիկանական պատը՝ ներխուժեցին Կոնգրեսի շենք՝ Կապիտոլիում, խափանելով նախագահական ընտրությունների վերջին քայլերից մեկը՝ ընտրությունների արդյունքների վավերացումը, ինչի արդյունքում մի շարք անձինք ձերբակալվեցին։

Այս իրադարձությունները հարված էին ԱՄՆ-ին, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության հայրենիք» և այդ արժեքների կրող ու տարածող։ Ակնհայտ էր, որ ԱՄՆ-ի նոր իշխանությունը այս կարգախոսով էլ պիտի գար։ Ջո Բայդենը իր առջև կարևորագույն խնդիր դրեց՝ վերադարձնել ԱՄՆ-ում ժողովրդավարությունը, որն ըստ նախագահի՝ երկրում կտրուկ անկում է ապրել։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահը հենց այս համատեքստում էր փորձում աշխատել երկրի ներսում, ինչպես նաև դրսում։ Հետագայում նա բազմիցս մեղադրել է այլ երկրների՝ ժողովրդավարության խախտման համար, սակայն սա ուներ այլ ենթատեքստեր։

Ընդհանուր առմամբ՝ խոսելով ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականության մասին՝ կարող ենք շեշտել, որ այս երկիրը իշխանության փոփոխությունների արդյունքում չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը Ռուսաստանը և Չինաստանը շարունակում են մնալ ԱՄՆ-ի հիմնական սպառնալիքները։ Ուղղակի այստեղ տարբեր են քաղաքական վերնախավի մոտեցումներն արտաքին հարաբերություններին։

Այս առմով ի սկզբանե Ջո Բայդենը արտաքին դաշտում բավականին կառուցողական քայլեր կատարեց։ Նախագահը երկարաձգեց ևս 5 տարով Ռուսաստանի հետ միջուկային կայունությունը ապահովող միակ պայմանագիրը՝ START-3-ը։ Նախքան Բայդենի նախագահությունը՝ Թրամփը հայտարարել էր, որ չի պատրաստվում երկարաձգել այն, ուստի Բայդենի կողմից նման քայլը ցույց տվեց, որ նորընտիր նախագահը չի պատրաստվում Ռուսաստանի հետ հարաբերություններում կտրուկ քայլերի գնալ։ Մի կողմից, սակայն, երկու երկրների միջև կա Ուկրաինան, որի գործոնը հատկապես կարևորվեց Բայդենի իշխանության գալով։ Պատճառն այն էր, որ Բայդենը Օբամայի կառավարման տարիներին եղել է Ուկրաինայի հարցերով նախագահի խորհրդատուն, բազմիցս եղել է Ուկրաինայում, և այս ամենին գումարվում էին խոսակցությունները, որ Ջո Բայդենի որդին Ուկրաինայում բիզնես ունենի։ Զելենսկին և ընդհանարպես Ուկրաինայի պաշտոնատար անձինք այնպիսի մեծ ոգևորությամբ ընդունեցին Բայդենի ընտրվելը, որ կար կարծիք, թե Բայդենը վստահաբար ակտիվացնելու է Դոնբասի, Լուգանսկի հարցը։ Չնայած այդ հույսերին՝ ԱՄՆ-ը բավականին պասիվ մնաց 2021 թվականին։ Ինչպես նախկինում hնչեցին հայտարարություններ, պաշտոնական հանդիպումներ, ռազմական օգնություն և վերջ, որևէ կտրուկ և որոշիչ քայլի աշխարհն ականատես չեղավ։ Այստեղ, սակայն, անպայման պետք է շեշտել, որ արդեն տարվա վերջին ամսին բավականին լարվել է իրավիճակը Ուկրաինայում, և շատ փորձագետներ կարծում են, թե 2022-ի գարնանը գուցե ռազմական բախում տեղի ունենա։ Սա իհարկե նշանակում է, որ ԱՄՆ-ը կմիջամտի գործողություններին։ Սրա մասին Բայդենը հայտնել է նաև Պուտինի հետ իր վերջին խոսակցության ժամանակ, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին տեսակապի միջոցով։ Խոսակցությունը կարելի է համարել զգուշացման բնույթի, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի հարցը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի առաջխաղացումը։

ԱՄՆ-ի և ընդհանարապես ամբողջ աշխարհի համար 2021թ-ի կարևորագույն իրադարձությունը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն էր շատերը սա մեկնաբանեցին որպես «21-րդ դարի խոշորագույն խաղ»։ Վաշինգտոնը, որը 20 տարի մեծաթիվ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ էր ծախսել այս երկրում, կանգնեց խնդրի առաջ, քանզի տեսավ, որ այդ ամենը չի ծառայել իրենց նախանշած նպատակին։

Այս ընթացքում Աֆղանստանում մոտ 22.000 ամերիկացի զինվորական է վիրավորվել, իսկ 2400-ը՝ զոհվել, ԱՄՆ-ն Աֆղանստանի պատերազմում մոտ 2.2 տրիլիոն ԱՄՆ դոլար է ծախսել։ Որոշում կար, որ այս տարի Աֆղանստանից դուրս պետք է բերվեր ամբողջ ամերիկյան զորքը, սակայն շատերը հասկանում էին, որ  Աֆղանստանը չունի այնպիսի իշխանություն, որը ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո կկարողանա ղեկավարել։ Նման կարծիք ուներ մեծամասնութունը, սակայն սա չխանգարեց, որպեսզի Ջո  Բայդենը չհանի զորքը։

Զորքի դուրսբերումից հետո թալիբները գրավեցին իշխանությունը։ Սա ապտակ եր ԱՄՆ-ին։ Այս ամենը ցույց տվեց ԱՄՆ-ի թուլությունը և սխալ հաշվարկները։ Նրան սկսեցին մեղադրել թե իր հակառակորդ Ռուսաստանն ու Չինաստանը, թե Եվրոպան։ Սակայն ինչ էր սա նշանակում գուցե ԱՄՆ-ն հասկացավ, որ իր ներկայությունը այստեղ չունի Միացյալ Նահանգների համար որևէ գերակա քաղաքական շահ, այն միայն նոր ռեսուրսների կորուստ էր։ Այս հիմնավորումն ուներ նաև Ջո Բայդենը, որի վարկանիշը այս ամենի ֆոնին իջավ ռեկորրդային ցածր ցուցանիշի։

Ինչ արեց ԱՄՆ-ն այս դեպքերից հետո։ Կնքեց խոշարագույն պայմանագիր Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համար։ Փաստ է, թե ինչքան է  ԱՄՆ-ն կարևորում Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը և այն խոսակցությունները, որ Բայդենը ցանկանում է փակել «9/11»-ի էջը՝ դուրս գալով Աֆղանստանից և Իրաքից և կենտրոնանալով Հնդկախաղաղօվկիանոսյան տարածքում, կարծես իրականանում են։ ԱՄՆ-ն փորձում է այստեղ նվազեցնել Չիանաստանի ազդեցությունը։ Հետաքրքրական է, որ Բայդենը Չինաստանի հետ հարաբերություններում բավականին մեղմ հայտարարություններ էր անում։ Օրինակ՝ հենց ԱՄՆ-ի ռազմավարության մասին խոսելիս նա շեշտեց, որ Նահանգները և Չինաստանը մրցակիցներ են և ոչ թե հակամարտող կողմեր: Նա այս թեզն առաջ է քաշում նաև իր հարցազրույցներում: «Չնայած երկու երկրների միջև ուժեղ մրցակցությանը՝ Չինաստանը և ԱՄՆ-ը չպետք է կոնֆլիկտային հարաբերություններ ստեղծեն»։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը 2021 թ․-ին ցույց տվեց, որ Մերձավոր Արևելքը այլևս իր առաջնահերթությունը չէ։ Նա գնում է դեպի Խաղաղ օվկիանոս, ուր կան մեծ տնտեսական շահեր։

 

36093