Երեք օր է՝ Ղազախստանում հեղուկ գազի թանկացման պատճառով հանրահավաքները չեն դադարում։ Իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի գինը նվազեցնելու մասին, սակայն բողոքի ակցիաները չեն մարում։ Այսօր՝ հունվարի 5-ին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:

Ըստ վերջին տեղեկությունների՝ հիմա Ալմաթիի կենտրոնում բախումներ են տեղի ունենում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ըստ լրատվականի՝ բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել ու ծեծել են մի քանի ուժայինների։ 

 

Ալմաթիում ցուցարարները նաեւ ոստիկանական մեքենաներ են այրում։ 

 

Ոստիկանները քաղաքի մատույցներում կանգնեցրել են մահակներով զինված մի քանի հարյուր ցուցարարների։ Նրանց դեմ հատուկ միջոցներ են կիրառվում, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ։

Քաղաքի մյուս մասերում նույնպես փակված Է ճանապարհային երթեւեկությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տեղի բնակիչները: Ալմաթիում հասարակական տրանսպորտը, ներառյալ մետրոպոլիտենը, չեն աշխատում, մուտքը քաղաք փակ Է: Մեգապոլիսի կենտրոնում չեն գործում խանութներն ու ավտոլցակայանները: 

Gazeta.ru-ն հայտնում է, որ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում  ոչ միայն Ալմաթիում, այլ նաեւ շրջաններում: 

Ակտաու քաղաքում ցուցարարները փորձում են գրավել մարզպետարանի շենքը։  Ուժայինները փորձում են ցուցարարներին հետ մղել քաղաքի կենտրոնից։ Ենթադրվում է, որ ոստիկանությունն օգտագործում է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։

Հիշեցնենք, որ Մանգիստաու շրջանի երկու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին փողոց էին դուրս եկել վառելիքի գները նվազեցնելու կոչով։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվեցին ամբողջ Ղազախստանում։ Ցուցարարների հետ հանդիպումից հետո իշխանությունները հայտարարեցին Մանգիստաու շրջանում հեղուկ գազի գնի նվազեցման մասին, սակայն իրավիճակը չկայունացավ։ Ցուցարարների և ոստիկաների միջև բախումներ սկսվեցին:

Լյուսիյա Պետրոսյան

39719