Ամբողջ Ղազախստանում գրանցվել է ինտերնետի անջատում, նշվում է NetBlocks կազմակերպության տրամադրած տվյալներում, որը վերլուծում է ինտերնետի աշխատանքը։

«Հաստատված է. Ղազախստանն այժմ գտնվում է համազգային ինտերնետի անջատման մեջ՝ բջջային ինտերնետի մի օր խափանումներից և մասնակի սահմանափակումներից հետո: Դա, ամենայն հավանականությամբ, խստորեն կսահմանափակի աճող հակակառավարական ցույցերի լուսաբանումը»,– ասվում է NetBlocks-ի Twitter-ում:

Նշենք, որ Ղազախստանում չի աշխատում նաեւ հեռախոսակապը: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ երեք օր է՝ Ղազախստանում հեղուկ գազի թանկացման պատճառով հանրահավաքները չեն դադարում։ Իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի գինը նվազեցնելու մասին, սակայն բողոքի ակցիաները չեն մարում։ Այսօր՝ հունվարի 5-ին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:

Ըստ վերջին տեղեկությունների՝ հիմա Ալմաթիի կենտրոնում բախումներ են տեղի ունենում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ:

Լյուսիյա Պետրոսյան 

1549