
Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների և Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողությունների իրականացման անհրաժեշտության մասին Zarkerak.am-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ:
-Պարոն Քեռյան, ինչպես կբնութագրեք այն, ինչ տեղի է ունենում Ղազախստանում։ Շատերի գնահատմամբ՝ սա գունավոր հեղափոխության փորձ է, այդպե՞ս է։
-Վերջնական շատ դժվար է ասել, թե արդյո՞ք այդտեղ գունավոր հեղափոխության տեխնոլոգիաներն են, թե ոչ։ Իհարկե, շատ մոտ է, որովհետև փաստացի գործընթացները տեղի են ունենում հետխորհրդային ամենամեծ պետություններից մեկում, Ռուսաստանից հետո՝ տարածքային առումով Ղազախստանն ամենամեծ պետությունն է և բավականին ծանրակշիռ դերակատարում ունի ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ հետխորհրդային տարածաշրջանում, որն ունի խիստ ավտորիտար քաղաքական համակարգ։ Ըստ էության, ժողովրդավարացման պրոցեսները Ղազախստանում ողջ հետխորհրդային ժամանակաշրջանում խորությամբ չեն ընթացել և միակուսակցական համակարգը փաստացի պահպանվում է։ Նազարբաևի և նրա շրջապատի քաղաքական իշխանությունն ապահովված է ուժային կառույցներով։ Կարող ենք ասել, որ Ղազախստանն իր օրինակով կրկնում է Ադրբեջանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, կարճ ասած՝ այն տիպի երկրների իշխանությունը, որտեղ արևմտյան տիպի իշխանություն չի հաստատվել, ի տարբերություն Մերձբալթյան երկրների։ Բնականաբար, այստեղ տեղի ունեցող հակաիշխանական գործընթացները մտնում են այն տրամաբանության մեջ, որը քաղտեխնոլոգներն անվանում են գունավոր հեղափոխություն։ Գունավոր հեղափոխությունների ճարտարապետների նպատակը եղել է նպաստել հետխորհրդային երկրների արևմտականացմանը։ Եթե այս մոտեցմամբ նայենք՝ կարող ենք դա համարել գունավոր հեղափոխություն։ Մեկ այլ պատճառ էլ կա այն գունավոր հեղափոխություն համարելու, այն է՝ գունավոր հեղափոխություններից առաջ՝ արևմտյան ծառայությունները բավականին երկար ժամանակ այդ երկրներում աշխատանք են տանում, ստեղծում են ՀԿ-ների ցանց, նախապատրաստում են օպոզիցիոն գործիչներին, նրանց ապաստան են տալիս արևմուտքում, օգնում են, որ նրանք ունենան հզոր լրատվամիջոցներ։ Այս բոլոր հատկանիշները ևս ես տեսնում եմ՝ նայելով ղազախ լիդերներին, որոնք այսօր արևմտյան մայրաքաղաքներում, հատկապես Լոնդոնում սպասում են իրենց վերադարձի օրվան։ Այստեղ մի բայց կա․ Գունավոր հեղափոխությունների շղթայում միշտ նկատվում է հակառուսականության գիծը, որը դասական իմաստով հստակ երևաց «Վարդերի հեղափոխության» ժամանակ՝ Վրաստանում և «Նարնջագույն հեղափոխության», ինչպես նաև երկրորդ Մայդանի ժամանակ՝ Ուկրաինայում։ Այս տեսանկյունից եթե նայենք՝ պարզ երևում է, որ գունավոր հեղափոխության կազմակերպիչների նպատակը ոչ միայն ժողովրդավարացումն է, այլ նաև ռուսական ազդեցության կրճատումը։ Բնականաբար, այս երևույթը շատ հստակ երևում էր Վրաստանում և Ուկրաինայում, բայց, օրինակ, Հայաստանում 2018 թ-ին տեղի ունեցած գործընթացների ժամանակ մեր լիդերները հայտարարեցին, որ սա գունավոր հեղափոխություն չէ, քանի ու հակառուսական բնույթ չունի։ Ես ղազախական օպոզիցիայի լիդերների մոտ հակառուսական կոչեր չեմ տեսնում, բայց դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ Ղազախստանի տարածքում բնակչության կեսը ռուսներ են, նախկինում նրանք բնակչության 50 տոկոսն էին կազմում, հետագայում նրանք դուրս մղվեցին, այդուհանդերձ, այնտեղ մոտ 30 տոկոս ռուսալեզու բնակչություն կա։ Միգուցե, հակառուսական մոտիվները ղազախների մոտ բացակայում են, քանի որ նրանք վախենում են պառակտումից կամ ռուսաբնակ տարածքների ընդվզումից՝ դրա համար էլ հստակ հակառուսական կոչերով հանդես չեն գալիս։ Այն, որ այստեղ հակառուսական ծառայությունները երկար ժամանակ է աշխատում են՝ աչքի է զարնում նրանով, որ հակաիշխանական ակցիաների կազմակերպման ժամանակ շատ հստակ պատրաստված մարդիկ կան, անգամ կուտակված զենքեր, պայթուցիկ նյութեր են արագ բաժանվում բնակչությանը, նրանք շատ դաժան են վերաբերվում ոստիկանության հետ։ Եթե հիշում եք՝ Մայդանի ժամանակ զինվորների վրա բենզին էին լցնում և այրում էին, հիմա էլ Ղազախստանում են ֆիզիկական հաշվեհարդար տեսնում ոստիկանության և ուժային ծառայությունների հետ։ Ղազախական իրադարձությունները մեկ այլ առանձնահատկություն էլ ունեն, ղազախները մահմեդականներ են ու այս քաոսային իրավիճակը շատ պարարտ հող կարող է ստեղծել Աղֆանստանից ու Պակիստանից իսլամական ծայրահեղականների ներթափանցման համար։ Բացառված չէ, որ եթե այս իշխանությունները չկարողանան այս քաոսը ցրել՝ իսլամական արմատականները գլուխ կբարձրացնեն։ Եթե նման տենդենց նկատվի՝ Ռուսաստանը ոչ մի բանի առաջ չի կանգնի, որովհետև իսլամական արմատականությունը կարող է Ղազախստանից ներթափանցել դեպի Հյուսիսային Կովկաս, Ուրալ նաև հեռավոր արևելք, որն արդեն լուրջ վտանգ է ռուսական պետության ամբողջականության համար։ Այնպես որ՝ Ղազախստանում իրադարձությունները շատ բազմաշերտ են ու այստեղ ոչ միայն գունավոր հեղափոխություն կարելի է տեսնել, այլև քաղաքական գործընթացներ, որոնց նպատակն է խաթարել ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տարածաշրջանում, կրճատել ռուսական ազդեցության գոտին, նպաստել իսլամական ազդեցության տարածմանը։ Մենք մոռանում ենք, որ ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը հենվում են 3 սյուների վրա, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան։ Անցած տարի արևմուտքը փորձում էր այդ կառույցների սյուներից մեկը փախցնել և փլուզել այդ կառույցները, խոսքը Բելառուսի մասին է։ Մոտ մեկ տարվա չարչարանքից հետո, իհարկե, չստացվեց, հիմա մյուս սյունը, եթե հաջոզվի փախցնել, ապա այս կառույցները կարող են հայտնվել փլուզման վտանգի առջև, այնպես որ այստեղ կա նաև եվրասիական ինտեգարցիոն գործընթացների տապալման միտում։
Մանարամսները` սկզբնաղբյուր կայքում