ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ ֆեյսբուքյան էջը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի`  տարրական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների  առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:

Սիսակ Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ գործող օրենքով պետությունը պետական բյուջեի հաշվին անվճար գրքերով ապահովում է միայն պետական դպրոցների աշակերտներին:

Ըստ էության, նախագիծն ամբողջությամբ ընդունվելուց հետո տարրական դասարանների  բոլոր երեխաները, անկախ հանգամանքից` սովորում են պետական թե ոչ պետական դպրոցում, գրքերը կստանան անվճար:

171