ԱՄՆ-ը կարող է հավանություն տալ Թուրքիայի խնդրանքին՝ F-16 կործանիչների գնման հարցում, որպեսզի ուժեղացնի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Սև ծովում։ Այս մասին հինգշաբթի հաղորդում է CNN-Turk-ը՝ վկայակոչելով իր ամերիկյան աղբյուրները։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենն իրեն խոստացել է բոլոր ջանքերը գործադրել՝ համոզելու ԱՄՆ Սենատին F-16-ներ վաճառել։
«Կողմերը հանդիպումներ են անցկացրել ինչպես Անկարայում, այնպես էլ Վաշինգտոնում: Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ը կարող է հավանություն տալ Թուրքիայի խնդրանքին՝ գնելու 40 Block 70 F-16 կործանիչներ և 80 Block 70 արդիականացման համալիրներ: Հավանության պատճառը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին զինելն է՝ Սև ծովի աճող սպառնալիքի ֆոնին»,- հայտնել է հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին։ Պատճառը Անկարայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգերի գնումն էր։

347