ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է առաջադրել ռեժիսոր, դերասան, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին: Ամբիոնից նա խոսեց այն մասին, որ հայոց լեզուն վերածվում է միայն շուկայում առեւտուր անելու լեզվի։

«Երբ ինչ-որ բարդ միտք է գալիս ու ուզում ես այն արտահայտես՝ ռուսերեն, անգլերեն, ինչ լեզու ասես հայտնվում է գլխումդ, որովհետեւ նման հույզերով հայկական ֆիլմեր չես տեսել։ Չես տեսել հայերենով մի հերոսի, ով իր պատանեկան զգացմունքները կարտահայտի, եւ դա կլինի մաքուր, գեղեցիկ, վեհ, որ չամաչես նմանվել այդ հերոսին»,- ասաց Մանուկյանը։

Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ մեդիադաշտի խնդիրներին ու հեռուստատեսության բացերին:  

«Երեխաներն աշխարհը ճանաչում են անգլերենով ու ռուսերենով, որովհետև անընդհատ նայում են ռուսերեն, անգլերեն մուլտեր: Ես դրան կողմ եմ, ինչքան շատ լեզու իմանան, այնքան մեր հարստությունն է։ Մայրենի լեզուն դառնում է օտար լեզու: Դա խնդիր է, պետք է լուծվի: Մանկական հաղորդումներ չունենք, պատանեկան ֆիլմեր չունենք, երիտասարդների համար միայն գռեհիկ հաղորդումներ ունենք: Մենք այստեղ սերունդներ ենք կորցնում»,- ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ կոնկրետ իր համար արեւմտայահերենը սրտամոտ լեզու է, որը չի հնչում, իսկ գրաբարի մասին անգամ խոսք չկա, որովհետեւ գրական հայերենը կորել է։ Մանուկյանի խոսքով, այսօր չկան մարդիկ, ում գոհացնում է մեր հեռուստատեսային արտադրանքը։ 

736