Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Տաջիկստանը սկսել է դեպի Ղրղզստանի հետ սահման տեղափոխել ծանր տեխնիկա և զինվորականների։ Ըստ աղբյուրների՝ երկու երկրների սահմանին շարունակվում է ինտենսիվ փոխհրաձգությունը։

ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ Ղրղզստանի իշխանությունները սկսել են բնակիչների տարհանումը հակամարտության շրջանին սահմանակից գյուղերից։

Հակամարտության առնչությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի և Ղրղզստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ՝ կոչ անելով անմիջապես դադարեցնել կրակը երկու երկրների սահմանին։ Ըստ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երկու երկրները պետք է հակամարտությունը լուծեն բացառապես խաղաղ ճանապարհով, և ՀԱՊԿ-ը դրա համար պատրաստ է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել։

Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանի երկարությունը մոտ 950 կմ է։ Խորհրդային Միության փլուզումից հետո երկու երկրների սահմանին կան տասնյակ վիճելի հատվածներ։ Սահմանի սահմանազատման և սահմանագծման բանակցային գործընթացը սկսվել է 2002 թվականին, սակայն երկու երկրների սահմանին մինչև օրս երբեմն հակամարտություններ են սկսվում տեղի բնակիչների միջև, որոնք ուղեկցվում են սահմանապահների միջև փոխհրաձգությամբ։

1735