Ես Վահագն Խաչատուրյանին կբնորոշեմ որպես իմ ավագ ընկեր, որպես բացառիկ ազնվության տեր մարդ, ով առաջնորդվել է իր խղճով, սրտով ու ազնիվ մղումներով, շատ ընկերասեր, հոգատար, «հարեհաս» մարդ է, ով ցանկացած պահի պատրաստ է օգնության հասնել:  Այս մասին  Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը:

«Ես պարոն Խաչատուրյանին ճանաչում եմ արդեն մոտավորապես 20 տարի, շփումներ ունեցել ենք և որպես մարդ, և որպես մասնագետ, միասին բազմաթիվ անգամներ մասնակցել ենք կոնֆերանսների, գիտաժողովների, մենք և անձնական, և մասնագիտական շփումներ ենք ունեցել: Մեր բազմաթիվ շփումները ինձ բերել են այն համոզմունքին, որ նա հանարապետության լավագույն տնտեսագետներից է, երկրի տնտեսական համակարգը, առաջնահերթությունները շատ լավ է պատկերացնում: Ավելին, ես իր թեկնածուական ատենախոսության ընդդիմախոսն եմ եղել և, կարող եմ ասել, որ բավական բարձրակարգ ատենախոսություն էր գրել , որը վերաբերում էր ջրային ռեսուրսների կառավարմանը և հանքարդյունաբերության ոլորտին: Այսինքն, 2 արմատական նշանակության ոլորտների մասին էր գրել պարոն Խաչատրյանը և բավականին բարձրակարգ ու արժեքավոր հետազոտություն էր կատարել»:  

Անդրադառնալով նրա քաղաքական գործունեությանը՝ Հախվերդյանն ասաց, որ ինքը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ և  քաղաքական գնահատականներ չի հնչեցնում, թեև երկրում առկա քաղաքական գոծընթացներին հետևում է: «Ամեն դեպքում՝ Խաչատուրյանին կբնորոշեմ որպես հավասարակշռված և իր քաղաքական գիծը իմացող անձի՝ անկախ նրանից, թե ես կիսում եմ իր տեսակետներն ու համոզմունքները, թե ոչ»:

Անդրադառնալով Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում նրա աշխատանքին՝ Հախվերդյանն ասաց, որ այդ տարիներին ինքը ուսանող է եղել և նրա ղեկավարման տարիներն առանձնապես չի հիշում: «Բայց հետագայում՝ իր պաշտոնավարումից մոտավորապես 15 տարի անց ես աշխատել եմ Երևանի քաղաքապետարանում և պետք է ասեմ, որ հին մարդիկ, ովքեր աշխատել էին քաղաքապետարանում պարոն Խաչատուրյանի հետ՝ ակնհայտ ջերմությամբ էին հիշում իր հետ աշխատած տարիները»:    

Հախվերդյանը նաև հույս հայտնեց, որ հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Վահագն Խաչատուրյանը, ով այս պահին Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է նաև, նոր մակարդակի կբարձրացնի համալսարանի և պետական մարմինների համատես աշխատանքը,  որակապես նոր մակարդակի կբարձրացնա նաև համալսարանի հետազոտական գործունեությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետությանը: «Միաժամանակ, երկրորդը ՝ ակնկալում եմ և մեծ հույսեր ունեմ, որ նրա աշխատանքի արդյունքում առավել ակտիվ կաշխատի հակակշիռների մեխանիզմը և նախագական ինստիտուտը հնարավորինս կսկսի արդյունավետ գործել՝ ի շահ մեր երկրի»:

«Առաքելություն» կուսակցության նախկին ղեկավար Մանուկ Սուքիասյանը, ով Վագահն Խաչատուրյանի հետ ներգրավված է եղել «Այլընտրանք» նախաձեռնությունում պատմեց, որ պարոն Խաչատուրյանի հետ ծանոթացել է 2006-2007 թթ: «Նրա հետ համատեղ քաղաքական ճանապարհ ենք անցել, որին ես հարգանքով եմ վերաբերվում: Պարոն Խաչատուրյանը բանիմաց և զարգացած անձնավորություն է, շատ լավ տնտեսագետ, հետազոտող մարդ, ով լայն մտահորիզոն ունի: Բայց եթե անկեղծ, նախագահի թեկնածու առաջադրվելու հեռանկարներն ինձ փոքր ինչ զարմացնում են, քանի որ Սահմանադրությամբ չնչին լիազորություններ է վերապահված նախագահին: Նման լիազորություններով այդ պաշտոնին առաջադրվելու համար համաձայնելը ինձ մոտ տարակուսանք է առաջացնում, հույս ունեմ, որ առաջիկայում պարոն Խաչատուրյանը պարզաբանումներ կտա, թե ինչն է իրան գրավել և ինչպիսի գործունեություն է նա պատկերացնում իր համար»:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, ով նույնպես ներգրավված է եղել «Այլընտրանք» նախաձենության մեջ՝ նշեց, որ Վահագն Խաչատուրյանի հետ երկար ընդդիմադիր քաղաքական գործունեություն է ծավալել՝ դեռ 1998 թ-ից սկսած: «Մեր համատեղ քաղաքական ճանապարհը շարունակվել է մինչև 2013 թ-ը: 2013 թ-ին, երբ ձևավորվեց ՀԱԿ-ը՝ իմ ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիքը» և ՀԱԿ-ը հակընդդեմ քաղաքական ուժեր դարձան, բայց մինչ այդ՝ մենք եղել ենք գործընկերներ, կարող եմ ասել՝ նաև ընկերներ: Մոտ 15 տարի համագործակցել եմ Վահագն Խաչատուրյանի հետ, տարբեր ինտենսիվությամբ մասնակցել ենք քաղաքական տարբեր  գործընթացների, մասնակցել ենք 2000 թ-ին «Հանուն Հանրապետության» շարժմանը, որը Մեղրիի հնարավոր փոխանակման դեմ էր պայքարւոմ, ապա 2008 թ-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ենք քաղաքական ճանապարհ անցել: Ես այդ ողջ ընթացքում նրա գործունեությունը դրական եմ գնահատում: Նա սկզբունքային ու պայքարող տեսակ է և, վստահաբար կարող եմ ասել, որ առաց լուրջ հիմքերի երբեք իր տեսակները չէր փոխում»:  

1093