Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 2020 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 9.8 %-ով։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, հուլիսի համեմատ անկման տեմպը փոքր-ինչ դանդաղել է։ Հիշեցնենք, որ հուլիսին ՏԱՑ-ը նվազել էր 10.2 %-ով։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

 

Անկում են ապրում տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։ Այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալները կրճատվել են 1.2 %-ով, շինարարության ծավալները՝ 5.3 %-ով, առևտրաշրջանառությունը՝ 14.8 %-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 19.3 %-ով։

Նկատելի է, որ հուլիսից հետո փոքր-ինչ դանդաղել է արդյունաբերության, շինարարության ու ծառայությունների անկումը։ Միևնույն ժամանակ, առևտրաշրջանառության անկում է խորացել։ Մանրամասները կարող եք տեսնել ստորև գտնվող գրաֆիկում։

Տարվա առաջին ութ ամիսների՝ հունվար-օգոստոսի տվյալներով ևս տնտեսական ցուցանիշները հուսադրող չեն։ 2020 թվականի հունվար-օգոստոսին, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4 %-ով։

Տարվա առաջին երկու ամիսներին գրանցված աճի շնորհիվ արդյունաբերությունը ութ ամիսների տվյալներով դեռևս անկումային փուլում չէ։ Հունվար-օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1.243 տրլն դրամ, որը 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0.9 %-ով։

Շինարարության ծավալները տարվա առաջին ութ ամիսներին կազմել են 179 մլրդ դրամ՝ նվազելով 19.1 %-ով։

Առևտրի շրջանառությունը մոտ 1.774 տրլն դրամ է, անկումը՝ 11.5 %:

Իսկ ծառայությունների ծավալը կազմել է 1.114 տրլն դրամ՝ նվազելով 10.8 %-ով։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

540