Մտածե՞լ եք՝ ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել օնլայն արագ վարկերի գովազդներում, ի՞նչ ազդակ կարող է հուշել, որ պետք է ավելի զգոն լինել. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները վարկային առաջարկներում և հրապարակվող բոլոր նյութերում անպայման պետք է նշեն՝ «Կազմակերպությունը վերահսկվում է ԿԲ-ի կողմից», եթե վարկի գովազդում չեք գտնում այս նշումը, ապա պետք է ավելի զգոն լինել, ԿԲ-ի կայքում ստուգել՝ արդյոք կազմակերպությունը լիցենզավորվա՞ծ է:

«Արմենպրես»-ի Պոդքաստ-ՖինԻնՖորմի թողարկման ընթացքում վարկերի, օնլայն արագ վարկերի մասին զրուցել ենք  ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Լուսինե Ներսիսյանի հետ:

Օնլայն վարկ կարելի է վերցնել տարբեր ճանապարհներով, օրինակ, բանկի կայքում գրանցված օգտահաշվով, բջջային հավելվածի միջոցով: Դրանցից յուրաքանչյուրն ունի վարկի տրամադրման իր պրոցեսները: Օրինակ, բանկի բջջային հավելվածով վարկ ստանալու համար նույնականացման գործընթացը շատ ավելի հեշտ է, քան օրինակ՝ բանկի կայքով, որովհետև, եթե քաղաքացին ունի բանկի բջջային հավելված, նշանակում է, որ նա արդեն հավելվածում գրանցվել է, տվյալները լրացված են, և բանկը քաղաքացուն նույնականացրել է: Օնլայն վարկի առավելություններից են արագությունը, 24/7 ռեժիմով վարկի համար դիմելու հնարավորությունը, հետևաբար փորձագետը հորդորում է լինել կրկնակի զգոն և ուշադիր: «Հորդորում ենք քաղաքացիներին օգտվել միայն ԿԲ-ի կողմից լիցենզավորված կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից»,- ասում է Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ օնլայն վարկ ստանալու համար ներդրված են այնպիսի մեխանիզմներ, որոնցով իրականանում է  քաղաքացու բազմաշերտ նույնականացում, օրինակ, հեռախոսահամարին sms հաղորդագրություն է գալիս, այդ կոդը պետք է մուտքագրվի համակարգ, կամ, օրինակ, քաղաքացուց պահանջվում է սելֆի անել, նկարը ներբեռնել համակարգ: Հետևաբար, միայն անձնագրի տվյալ իմանալով՝ հնարավոր չի լինի ձևակերպել վարկ: «Եթե լինում են դեպքեր, երբ քաղաքացուց պահանջվում է միայն անձնագրի տվյալներ մուտքագրել, ապա այս պայմանը քաղաքացու մոտ պետք է առաջացնի չափավոր կասկածամտություն, սակայն միևնույն ժամանակ պետք  չէ վախենալ կամ խուսափել ինչ-որ գործարք կատարելուց: Միայն թե ոչ մի տեղ պետք չէ մուտքագրել այն տվյալները, որոնք համարվում են գաղտնի, օրինակ՝ բանկային քարտի PIN  կոդը: Իսկ անձնական տվյալները պետք է մուտքագրել միայն վստահելի հավելվածներում կամ կայքերում»,- ասում է Ներսիսյանը:

Քաղաքացին պետք է ուշադիր լինի, թե որտեղ է մուտքագրում իր տվյալները:

Կարո՞ղ է արդյոք քաղաքացին կորցնել իր անձնագիրը, և որևէ մեկն այդ անձնագրով վարկ ձևակերպել. Ըստ փորձագետի՝ այնքան էլ հեշտ չէ ուրիշի անունով վարկ ձևակերպելը, սակայն սպառողներին զգոնության կոչ է անում: «Միայն անձնագրի տվյալներով վարկ վերցնելը շատ դժվար կլինի: Վարկային կազմակերպությունները, չեմ կարծում, որ նույնիսկ իրենց ռիսկերի գնահատման տեսանկյունից միայն անձնագրի տվյալներով վարկ ձևակերպեն: Բացի անձնագրի տվյալներից, կարող է պահանջվել, օրինակ, անձնագրի նկարը և քաղաքացու նկարը, արդյունքում կլինի անհամապատասխանություն»,- ասում է Ներսիսյանը:

Օնլայն հարթակում արագ վարկերի գովազդները շատ են, ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել.

Փորձագետը հորդորում է օգտվել միայն ԿԲ-ի կողմից լիցենզավորված կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից: Այդ ցանկը կարելի է գտնել ԿԲ-ի պաշտոնական կայքէջում: Բացի այդ, Fininfo.am կայքը կարող է շատ հեշտացնել կողմնորոշվելու գործը: Եթե վարկ վերցնել ցանկացող քաղաքացին կայքում լրացնի անհրաժեշտ պայմանները, կայքը կբերի բոլոր հնարավոր տարբերակները, որոնք առկա են շուկայում:

Ի՞նչ ազդակ պետք է հուշի քաղաքացուն, որ, օրինակ, այդ վարկային առաջարկն այնքան էլ վստահելի չէ.

Նկատի ունենալով նման առաջարկների օրեցօր ավելացումը՝ ԿԲ-ն որպես կառավարող մարմին, սահմանել է, որ ԿԲ-ի կողմից լիցենզավորված կազմակերպություններն իրենց վարկային առաջարկներում և ոչ միայն, իրենց հրապարակված նյութերում՝ թե տպագիր, թե էլեկտրոնային, պետք է պարտադիր ունենան նշում այն մասին, որ կազմակերպությունը վերահսկվում է ԿԲ-ի կողմից:

«Գովազդային նյութի մեջ քաղաքացուն տեսանելի ձևով պետք է լինի նշում այն մասին, որ կազմակերպությունը վերահսկվում է ԿԲ-ի կողմից: Կարծում եմ, որ սա կարող է քաղաքացու համար ազդակ լինել: Եվ, եթե քաղաքացին, օրինակ, սոցիալական ցանցերում որոշակի առաջարկներ տեսնելիս չգտնի այդ նշումը, պետք է ԿԲ-ի պաշտոնական կայքէջով ստուգի՝ կազմակերպությունը լիցենզիա ունի՞ ԿԲ-ից կողմից, թե ոչ»,- ասում է փորձագետը:

1234