ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շատ է կարևորում գիրքն ու ընթերցանությունը: Բոլոր ժամանակներում գիրքը մեծ տեղ է զբաղեցրել իր կյանքում: Շատ է ափսոսում, որ իր այսօրվա զբաղվածությունը մի փոքր հեռացրել է գրքից, կարդալու ժամանակ գրեթե չի մնում: Նա դա համարում է այս շրջանի ամենամեծ կորուստներից մեկը:

«Նախարար դառնալուց հետո ոչ մի գիրք չեմ կարողացել կարդալ: Դա իմ ներկայիս կյանքի ամենամեծ կորուստներից է, սակայն մշտապես գիրքն իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցրել: Կարդացածներից ինձ համար որպես առանձնահատուկ գիրք կնշեի Նոր Կտակարանը: Այն ես պարբերաբար վերընթերցում եմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարար Անդրեասյանը:

Արդարադատության նախարարը խորհուրդ է տալիս կարդալ մի շարք գրքեր:

«Սոմերսեթ Մոեմի «Թատրոն»-ը կարելի է կարդալ հաճույքի համար, Յուվալ Նոյ Հարարիի «Մարդկության կարճ պատմություն»-ը միֆերից ազատվելու համար»,-նշեց նախարարը:

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում  նշվում է Գիրք նվիրելու օրը։ Այն գրքի մասին խոսելու, ընթերցանությունը կարևորելու լավ առիթ է: Տոնի շրջանակում ընթերցասերները հնարավորություն են ունենում մասնակցելու գրքին նվիրված փառատոնների, շնորհանդեսների, տոնավաճառների, հանդիպում են իրենց սիրած հեղինակներին ու նոր գրքերով հարստացնում թե՛ սեփական, թե՛ այլոց գրադարանները:

1096