
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի ուղեկցությամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Երկու երկրների պաշտոնյաները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք շրջայց են կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Ռենատաս Պոժելան գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրել է ՀՑԹԻ հրատարակություններից: