
«Ուզում եմ հավաստիացնել օրենքի մի շարք դրույթներ, որոնք արդեն իսկ կիրառվել են եւ ուժի մեջ են մտել, մեծ արդյունավետությամբ կիրառվում են եւ վերահսկվում, որպես օրինակ՝ ծխախոտի հրապարակային ցուցադրության արգելքը կամ այդ ծխախոտային բոքսերի տեղադրման արգելքը կրպակների վրա, այս ամենը խանութներում ամբողջությամբ կիրառվում են, ուստի օրենքի կիրառումը կախված է ոչ միայն վերահսկողից, այլ նաեւ յուրաքանչյուրի գիտակցումից»,- այս մասին այսօր` մարտի 9-ին կայացած կառավարության արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին` քանի տոկոսով կաշխատի այս օրենքը եւ ինչպես է այդ վերահսկողությունը իրացվելու:
Նանուշյանը բերեց մեր հարեւան երկրներից Ռուսաստանի օրինակը, որտեղ եւս կիրառվում է ծխախոտի օգտագործման արգելքը.
«Ռուսաստանը վերջերս է ընդունել նման օրենք եւ մի քանի ամիս հետո, երբ մոնիթորինգ են արել, տեսել են, որ 95%-ից ավել դեպքերում օրենքը կիրառվում է»:
Պատասխանելով Գաբրիելյանի՝ բացօթյա սննդի վայրերում ծխախոտի արգելքի մասին հարցին, Նանուշյանը պարզաբանեց, թե ինչն են հաշվի առել, որպեսզի տարբերակման խնդիր չլինի.
«Ինչ վերաբերում է բացօթյա սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքին, թե ինչի ենք հաշվի առել, որ ներառել ենք այն, նպատակն այն է, որ տարբերակված մոտեցում չլինի այն ռեստորանների նկատմամբ, որոնք ունեն միայն բացօթյա հատված կամ միայն ունեն փակ հատված»,- ասաց Նանուշյանը: