Երբ ասում եք, որ պարտքը լավ օրից չէ, որ մենք ներգրավում ենք, ես կարող եմ մեկ այլ տարբերակ առաջարկել, որ պարտքը նաև լավ օրից է, որ կարողանում ենք ներգրավել, քանի որ երբ եթե մենք վատ օրի լինեինք, մեզ ոչ մեկ պարտք չէր տա: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022 թվականի հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: 

«Մեր բյուջեի դեֆիցիտը 2022 թվականին կազմում է 236 միլիարդ դրամ, բայց մենք իրականացնում ենք 351 միլիարդ դրամի կապիտալ ծախսեր և քննարկվող վարկը 236 միլիարդ դեֆիցիտը մասնակիորեն փակելու համար է: Ուստի կարելի է ասել, որ այս բոլոր միջոցները, որոնք մենք ներգրավում ենք, որևէ կերպ չեն ֆինանսավորում մեր ընթացիկ ծախսերը, այլ ներդրում են կատարում ՀՀ ենթակառուցվածքների մեջ, որպեսզի հետագայում ավելացնենք ՀՆԱ-ի մեր պոտենցիալը»,- ասաց նա:

Նշենք, որ «Նամակ-համաձայնագրով Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնում է Հայաստանին տրամադրել 51.428 մլն ՀՓԻ (Հատուկ փոխառության իրավունքը ԱՄՀ-ի կողմից ստեղծված արհեստական արժույթ է, որը բաղկացած է տարբեր ազգային արժույթների զամբյուղից) գումարի չափով վարկային միջոցներ:

703