Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը COP17-ի շրջանակում մասնակցել և ելույթ է ունեցել «Գործընկերություններ հանուն բնության և տնտեսական բարգավաճման» խորագրով բարձր մակարդակի փակ կլոր սեղան-քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:

Միջոցառմանը մասնակցել են Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Գուանգժե Չենը, Եվրոպական կենտրոնական բանկի գործադիր խորհրդի անդամ Ֆրանկ Էլդերսոնը, միջազգային ֆինանսական կառույցների և մասնավոր ֆինանսական հատվածի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Իր ելույթում նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ բնությունը ոչ թե առանձին ծախսային ուղղություն է, այլ տնտեսական կայունության ռազմավարական հենասյուն։ Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանության կորուստը փոխկապակցված մարտահրավերներ են, որոնց հետևանքներն անմիջական ազդեցություն են ունենում տնտեսության և ֆինանսական դիմակայունության վրա։

Նախարարը կարևորել է գիտության, ֆինանսների և միջազգային աջակցության միջև գործնական կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ բնապահպանական նպատակները պետք է վերածվեն իրագործելի ներդրումային ծրագրերի։

Անդրադառնալով պետական քաղաքականությունների հիմքում ընկած արժեքներին՝ Վահե Հովհաննիսյանը շեշտել է, որ բոլոր քաղաքականությունների, ֆինանսական մեխանիզմների և միջազգային գործընկերությունների կենտրոնում մարդն է՝ քաղաքացին, որն ունի քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտակցություն։

Նրա խոսքով՝ երկարաժամկետ կայունությունն անհնար է առանց հոգատարության մշակույթի և բնապահպանական գիտակցության ձևավորման։ Հենց այս մոտեցմամբ էլ Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրում բնության նկատմամբ հոգատարությունը դրված է հանրային պատասխանատվության հիմքում։

«Այս ամենի հիմքում խորապես մարդկային ձգտում է՝ որ այն վայրերը, որոնք մենք մեր տունն ենք համարում, նպաստեն մեր կյանքին, և մեր երեխաները ժառանգեն նույն հնարավորությունը»,– ընդգծել է նախարարը։

Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հենց այս ընդհանուր նպատակի շուրջ պետք է համախմբվեն կառավարությունները, ֆինանսական հաստատությունները, միջազգային գործընկերները, բնապահպանական փորձագետներն ու քաղաքացիական հասարակությունը՝ բնության պահպանությունը դիտարկելով որպես հավաքական բարգավաճման հիմք։

Ամփոփելով ելույթը՝ նախարարը կարևորել է, որ COP-ի պատմության մեջ առաջին անգամ Երևանում ստեղծվել է հարթակ, որտեղ բնապահպանական, տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների պատասխանատուները համատեղ քննարկում են բնության պահպանությանն ուղղված լուծումները՝ նպատակ ունենալով այս համագործակցությունը դարձնել շարունակական նաև հետագա COP-երի շրջանակում։

79