Անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով հակառակորդի սանձազերծած գործողություններին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում հանդես եկավ ելույթով։

 

«Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, լայնամաշստաբ զորավարժությունները, ԵԱՀԿ-ի կողմից առաջարկվող մոնիթորինգի՝ մշտադիտարկման մեխանիզմներից հրաժարվելը ակնհայտ վկայություն են այն մասին, որ այս ամենը նախօրոք ծրագրված լայնամաշստաբ, հսկայածավալ սադրանք է, ինչն ուղղակիորեն վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը։

 

Քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվաքների թիրախավորումը, Բաքվում մահ հայերին վանկարկումները, Մեծամորի ատոմակայանը հռիթիռակոծելու պաշտոնական սպառնալիքն աղաղակող փաստեր են այն մասին, թե ինչու ենք մենք խոսում ապրելու իրավունքից և ադրբեջանցիների՝ հայերի նկատմամբ էթնիկ ատելությունից։

 

Հուլիսյան մարտերն արձանագրում են, որ սա Ադրբեջանի համար ոչ միայն նախագահ Ալիևի՝ բռնապետական իշխանությունը պահելու աղիողորմ ճիգեր են, այլ առաջին հերթին մի ամբողջ ժողովրդի նկատմամբ ատելության հիմքով մահաբեր ագրեսիայի կիրառում է՝ էթնիկ բնաջնջման փորձով, որին մեր արձագանքը միանշանակ է։ Արցախի հարցի ռազմական ճանապարհով ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի կողմից համարժեք պատասխանի։

 

Հարգելի՛ կանայք և մայրեր, դիմում եմ ձեզ խիզախության կոչով, անհրաժեշտության դեպքում լինելու ենք առաջնագծում՝ մեր զինվորների կողքին։ Մի անգամ չէ, որ պատմության ընթացքում ցույց ենք տվել, որ տոկուն ենք մեր հայրենիքը անառիկ պահելու և հաղթանակներ գրանցելու հարցում»,- նշեց Մակունցը։

 

78