ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի իրականացրած լայնածավալ հարձակմանը, ընդգծեց, որ այդ գործողությունները միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ են:

 

Նա շեշտեց, որ այդ խախտումները պետք է պատշաճ գնահատական ստանան միջազգային հանրության, խոշոր պետությունների, գերտերությունների, նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

 

«Իմ կոչն է միջազգային հանրությանը, որ առանց աչք փակելու հստակ կերպով արձանագրեն այս խախտումները և իրենց բոլոր լծակներով ազդեն հակառակորդի՝ Ադրբեջանի վրա, որպեսզի վերջ տան մարդու իրավունքների զանգվածային խախտումներին: Իհարկե, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը և հայկական զինված ուժերը իրենցից կախված ամեն ինչ անում են և դիրքերում ամուր կանգնած են, համոզված եմ, բայց այս ռազմական գործողությունները երկու կողմերի համար էլ հումանիտար մեծ աղետի պատճառ կարող են դառնալ. արդեն այդ աղետն այսօր սկսվել է»,- ասաց Բեգլարյանը:

 

ԱՀ ՄԻՊ-ը կոչ արեց տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր ուժերին, որ առավելագույնն անեն պատերազմական գործողութունները դադարեցնելու և համապատասխան իրավական ու քաղաքական գնահատական տալու Ադրբեջանի գործողություններին:

509