Այսօր` մարտի 17-ին կառավարության նիստում որոշում ընդունվեց անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն սահմանել 15 ամիս։

Մինչև անհայտ կորած զինծառայողներին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ որոշման ընդունումն ընկած ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան 15 ամիս ժամկետով, ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն կտրամադրվի անհայտ կորած յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով` սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից։ 

Սույն որոշման ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման  շարունակականության ապահովման  անհրաժեշտությամբ:

Աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն 15 ամիս սահմանելով` անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին հնարավորություն է ընձեռվում դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու:

Նախագծի շահառու կհանդիսանա շուրջ 132 անհայտ կորած զինծառայողի ընտանիք, որի ֆինանսական հաշվարկը 3 ամսվա համար կկազմի 118.800.000 ՀՀ դրամ, իսկ աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն 15 սահմանելու դեպքում միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 77.737.512 ՀՀ դրամ:

410