Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով արդեն մի քանի շաբաթ է Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից այցելուների առատ հոսքը դեպի Հայաստան չի դադարում:

Տեղափոխվելով Հայաստան՝ նրանցից շատերը երկարաժամկետ վարձում են բնակարաններ և հասարակական նշանակության տարածքներ, քանի որ շատերը մեր երկիր են ժամանել բիզնես սկսելու կամ իրենց բիզնես  գործունեությունը Հայաստանում շարունակելու համար: Այդ ամենին զուգահեռ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում վարձով տրվող բնակարանների քանակը գնալով նվազում է` հանգեցնելով դեֆիցիտի:

Սակայն նկատենք, որ Երեւանում եւ հարակից արվարձաններում կան բազմաթիվ դատարկ բնակարաններ եւ առանձնատներ, որոնք սեփականատիրոջ միջոցների սղության պատճառով չվերանորոգված, կիսակառույց կամ կիսաքանդ վիճակում են եւ չեն կարող վարձով առաջարկվել այցելուներին։ Բայց նման խնդիրների համար էլ լուծումներ կան։

Սեփականատերերը կարող են դիմել գործակալներին, համապատասխան ինստիտուտներին՝ որոշակի համաձայնության գալով վերջիններիս հետ։ Նրանք կարող են բարեկարգել կառույցները համատեղ ձեռք բերված պայմանավորվածությամբ` ընթացիկ վարձերի միջոցով փակել պարտքը։

Հաշվի առնելով, որ շուտով Ռուսաստանից ու Ուկրաինայից ժամանող այս հոսքին կավելանան Հայաստան այցելող զբոսաշրջիկները, մեր պատկան մարմինները պետք է կենտրոնանան մեր քաղաքները, հատկապես Երեւանը տեսքի բերելու, ավելի հյուրընկալ դարձնելու վրա, ինչի համար անելիքներ ունեն քաղաքապետարանը, համատիրությունները` շենքերի բակերը մաքուր եւ բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ։ Հայաստանի համար շատ կարեւոր է օգտվել ստեղծված այս իրավիճակից եւ ամեն ինչ պետք է անել այն մեր օգտին ծառայեցնելու համար։

67634