
Ռուսաստանը, ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցներին, որոշել է իր գազը վաճառել միայն ռուբլով։ Մոսկվան ստիպում է եվրոպացիներին ընտրություն կատարել՝ ընդունել խաղի նոր կանոնները՝ հանուն տնտեսության պահպանման, թե՞ փակել ռուսական գազի հոսքը հանուն աշխարհաքաղաքականության։ Ի՞նչ է անելու Եվրոպան այս իրավիճակում։
«Մեզ համար անիմաստ է մեր ապրանքներն առաքել Եվրամիություն, ԱՄՆ և վճարումներ ստանալ դոլարով, եվրոյով և մի շարք այլ արժույթներով։ Հետևաբար, ես որոշել եմ հնարավորինս արագ իրականացնել վճարումների փոխանցման մի շարք միջոցառումներ։ Եկեք սկսենք սրանից՝ մեր բնական գազի դիմաց անբարյացակամ երկրները պետք է վճարում կատարեն ռուսական ռուբլով։ Այսինքն՝ հրաժարվել նման հաշվարկներում օգտագործել բոլոր արժույթները, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով, մատակարարումները կշարունակվեն պայմանագրերով նախատեսված ծավալներին ու գներին համապատասխան։
Հարկ է նշել, որ այն երկրները, որոնք չեն աջակցել Արևմուտքի պատժամիջոցներին, մասնավորապես՝ Չինաստանը, Բելառուսը, Թուրքիան, Սերբիան և այլն, կշարունակեն ռուսական գազը ստանալ պայմանագրերում նշված արժույթով։ Որոշումն ընդունվել է ոչ բարեկամ երկրների հետ կապված՝ դրանք ԵՄ 27 անդամներն են, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան և Ավստրալիան։ Գազի հիմնական գնորդը Եվրամիությունն է, որն աջակցել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին և արդեն հասել է նավթի էմբարգոյի քննարկման կետին։
Էներգետիկ թեմաներով զբաղվող ռուս փորձագետները նախագահ Պուտինի քայլը ռազմավարական ճիշտ միջոց են համարում, քանի որ Ռուսաստանի վրա աննախադեպ պատժամիջոցների ճնշման պայմաններում Ռուսաստանը կապահովի թեկուզ արհեստականորեն, ռուսական արժույթի ավելի մեծ պահանջարկ, որը ոչ բարեկամ եվրոպական երկրներից կպահանջվի վճարել Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող բնական գազի համար։
«Գազի դիմաց վճարելիս եվրոպացի գնորդներին ռուբլով փոխանցելը հավասարազոր է «Գազպրոմի» արտարժութային ամբողջ եկամուտը ներքին շուկայում վաճառելուն։ Հունվարի դրությամբ «Գազպրոմը» ամսական 9,5 միլիարդ դոլարի գազ է վաճառել։ Դա կամրապնդի ռուբլին, որն ավելի պահանջված կդառնա»,- նշում են մասնագետները։
Ըստ լուրերի՝ չորեքշաբթի օրը ռուբլին կարողացավ բարելավել դիրքերը դոլարի և եվրոյի նկատմամբ։ Մարտի 23-ին դոլարի փոխարժեքն ընկել է առավելագույնը՝ մինչև 94,99 ռուբլի (սա նվազագույնն է մարտի 2-ից), իսկ եվրոն՝ մինչև 108 ռուբլի։
Գազի մատակարարման դիմաց վճարումները արտարժույթի փոխարեն ռուբլով փոխանցելու Ռուսաստանի որոշումը, ըստ էության, վերջնագիր է։ «Այս որոշումը վերաբերում է ոչ միայն նոր պայմանագրերին, այլ նաև «Գազպրոմի» հետ գործող պայմանագրերին, որտեղ նշված է, թե ինչ արժույթով են փոխադարձ հաշվարկները՝ դոլարով։ Ռուբլու անցումը կպահանջի փոփոխություններ եվրոպական ընկերությունների հետ պայմանագրերում։ Ռուսաստանը վերջնագիր է դնում՝ կա՛մ մենք ձեզ գազ ենք վաճառում ռուբլով, կա՛մ ընդհանրապես չենք վաճառում»,- նշել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի փորձագետ Իգոր Յուշկովը:
Այժմ «Գազպրոմ»-ին սպասվում են բարդ բանակցություններ եվրոպական ընկերությունների հետ յուրաքանչյուր կոնկրետ երկարաժամկետ պայմանագրի շուրջ։ Նրանք ընտրելու երկու տարբերակ ունեն: Նախ, եվրոպացիները կարող են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ կապված ճանաչել որպես ֆորսմաժոր, նստել «Գազպրոմի» հետ բանակցությունների սեղանի շուրջ և փոխել պայմանագրի պայմանները՝ արժույթի առումով։
Երկրորդ տարբերակն այն է, որ եվրոպական երկիրը կարող է դա համարել պայմանագրային պայմանների խախտում և հրաժարվել ռուբլով վճարելուց: Սա նշանակում է խզել «Գազպրոմի» հետ պայմանագիրը և զրոյացնել ռուսական գազի մատակարարումները։ Սա Ռուսաստանի համար ամենաբացասական սցենարն է։
Երկրորդ տարբերակը մեծ ռիսկ է Եվրոպայի համար, քանի որ եվրոպական երկրների կախվածությունը ռուսական գազից շատ մեծ է, ինչքան էլ նրանք խոսում են ռուսական գազից հրաժարվելու մասին, միևնույն է, նա չունի դրան փոխարինող բառացիորեն ոչինչ։ Բացի այդ պետք է հաշվի առնել, որ Եվրամիության մեջ ևս կոնսենսուս չկա այս հարցում։
Այն, որ Եվրոպան չի կարող հրաժարվել ռուսական գազից, ամեն դեպքում՝ այժմ, ասում են նաև իրենք։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրոպան կարող է վերացնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, սակայն դրա արդյունքում կփակվեն հարյուր հազարավոր աշխատատեղեր, և դա կազդի ամբողջ արդյունաբերական հատվածի վրա:
Ռուսաստանի փոխվարչապետը նշում է, որ «սա ապոկալիպտիկ սցենար է, որով Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում եվրոպացիների վրա՝ հրաժարվելու ռուսական էներգառեսուրսների մատակարարումից»։
«Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանը Եվրոպային մատակարարում է մոտ 200 միլիարդ խորանարդ մետր գազ, մինչդեռ սպառում է մոտ 500 միլիարդ խորանարդ մետր: «Միանշանակ դրան փոխարինող ոչինչ չի լինի։ Ոչ մեկ տարում, ոչ երեք, ոչ հինգ տարում»,- նշել է Նովակը։
Փորձագետները ամեն դեպքում նշում են, որ ռուսական ռուբլով վճարումն ինչ-որ ժամանակահատված հիստերիա կառաջացնի եվրոպական երկրներում։ Չի բացառվում, որ ոմանք խզեն «Գազպրոմի» հետ պայմանագիրը, օրինակ՝ դա կարող են անել այն երկրները, որոնք այս տարի ավարտում են ընկերության հետ պայմանգիրը։ Իհարկե, պարզ է, որ դա առաջինը կանի Լեհաստանը՝ Եվրոպայում «ամենահակառուս» երկիրը։ Խզումը կնշանակի, որ երկրները պատրաստ են գազի գնի բարձրացման, իսկ հետագա շղթայում ամեն ինչի թանկացման, քանի որ էներգիայի աղբյուրն ազդում է ապրանքների և ծառայությունների ամբողջ շղթայի վրա։
Արդեն կան որոշակի արձագանքներ։ Ավստրիական նավթագազային OMV ընկերությունը հայտարարել է, որ չի պատրաստվում ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Սակայն Բուլղարիայի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նիկոլովը պատրաստակամություն է հայտնել ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարել ռուբլով։ Նրա խոսքով՝ երկրում «կա ֆինանսական կոնտրագենտ, որը կարող է գործարք իրականացնել ռուբլով։ Բուլղարական էներգետիկ հոլդինգը կքննարկի վճարման կոնկրետ սցենար»։
Գերմանական գազի արդյունաբերությունը հայտարարել է, որ շփոթված է Պուտինի հայտարարությունից ռուսական բնական գազի մատակարարումների համար վճարումները ռուբլով փոխանցելու մասին։
Մինչդեռ Բունդեսթագի հանձնաժողովի ղեկավարն ասել է, որ գազի դիմաց ռուբլով վճարելը տեխնիկապես հնարավոր է, բայց դա ԵՄ-ին կստիպի շրջանցել սեփական պատժամիջոցները և խթանել էմբարգոյի շուրջ քննարկումները։
Այստեղ մեկ այլ հարց է, թե ինչպես են ռուբլով վճարելու եվրոպական երկրները։
«Անհրաժեշտ կլինի ապահովել արևմտյան գործընկերների կողմից ռուբլու ձեռքբերման ուղիներ՝ մատակարարումների համար վճարելու համար։ Այն տրամաբանորեն տեղի է ունենալու ռուսական բանկերի միջոցով։ Այս գործարքները, ամենայն հավանականությամբ, կազատվեն արտաքին պատժամիջոցներից, ինչը նույնպես կարևոր է աշխարհաքաղաքական առճակատման պայմաններում Ռուսաստանի ֆինանսական համակարգին աջակցելու համար։
Պուտինի այս քայլը ոչ միայն գազի ոլորտի հետ է կապված, այլ նրա, որ կստիպի եվրոպացիներին ապասառեցնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի գողացված ոսկեարժութային պահուստները։
Տնտեսական նպատակներից զատ՝ աջակցել ռուբլու և ֆինանսական համակարգին, Ռուսաստանը կարող է հետապնդել նաև աշխարհաքաղաքական նպատակներ։ Գազի վաճառքը ռուբլու փոխանցելու որոշումը Մոսկվայից սակագների բարձրացում է՝ ուկրաինական հարցում սեփական բանակցային դիրքերն ամրապնդելու համար, չի բացառում Յուշկովը։