Արցախի Հանրապետությունում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ նոր կանոններով՝ հարցաշարը բաղկացած է 1116 հարցից, տեսական քննության 10 հարցի փոխարեն՝ սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։

Գիտելիքների ստուգման 20 հարցից քաղաքացին պետք է ճիշտ պատասխանի 18-ին: Տեսական քննությունն անց է կացվում երկու փուլով.
Առաջին փուլում ընդգրկված են տեսողական հարցեր, որը կոչվում է հոգեբանական թեստ: Հոգեբանական 3 հարցերին ճիշտ պատասխանելուց հետո բացվում է 20 հարցից բաղկացած հարցաշարը՝ 2-5 տարբերակ ունեցող պատասխաններով։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմող քաղաքացիները պետք է Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանում ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, օտարերկրյա քաղաքացիները` անձը հաստատող, ինչպես և Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` կացության քարտ, քաղաքացիություն չունեցող անձինք` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ՝ կացության քարտ:

Այս պահի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական քննություններն անց են կացվում հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ ապրիլի 10-ից սկսած՝ կլինեն նաև անգլերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով:

332