Այս տարի Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 17-ին: Այդ օրը ձու են ներկում, չամիչով փլավ եփում եւ ընտանիքով նստում տոնական սեղանի շուրջ։ Սակայն շատերը պնդում են, թե նոր հանգուցյալ ունենալու դեպքում տնեցիները ձու չպետք է ներկեն, փլավն էլ պետք է լինի առանց չամիչի` իբրև կարմիրը տոնական գույն է, և սգի մեջ եղած մարդիկ չպետք է ուրախանան:

Տոնին ընդառաջ պարզաբանում ստանալու նպատակով Araratnews-ը զրուցել է Տեր Եսայի Արթենացու հետ։

«Զատկի հավկիթի ներկելը ոչ մի կապ չունի մարդկանց ընտանիքում սգի հետ,- ասաց քահանան, մեկ անգամ եւս հիշեցնելով, որ Զատկի ձուն ներկվում է կարմիր, քանի որ խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը, այն հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտման ձև չէ։

«Քանի որ Զատկի ձուն Հարության, կյանքի հավերժության խորհրդանիշն է, հետևաբար, պիտի ներկվի հենց այդ ընտանիքներում` իբրև հոգևոր մխիթարություն, ի նշան կորցրած հարազատի հոգու անմահության և Երկնքի Արքայության համար հարություն առնելու»,- նշեց Տեր Եսայի քահանան:

Ըստ քահանայի` զատկական փլավի մեջ բրնձի հատիկները խորհրդանշում են մարդկությունը, չամիչի հատիկները` առաքյալներին. «Առաքյալներն էին, որ Քրիստոսի Ավետարանի քարոզությամբ քաղցրություն բերեցին մարդկային կյանքում: Քրիստոսն իր արյունը տվեց և´ ննջեցյալների, և´ ապրողների համար: Այսինքն՝ հավկիթի կարմիր գույնը ոչ թե տոնական երանգ է հաղորդում սեղանին, այլ կոնկրետ Քրիստոսի արյան խորհուրդն է: Նույնը նաև չամիչով փլավի պարագայում է։ Եթե բրինձը առանց չամիչի եփվի` սա սխալ ավանդույթ է, որովհետև, ինչպես արդեն նշեցի, սա էլ ունի իր խորհուրդը, բրինձը խորհրդանշում է աշխարհի մարդկանց, քրիստոնյաներին, այս խորհուրդն էլ որևէ կերպ չի հակասում սգավոր ընտանիքի ապրումներին և հոգևոր զգացումներին»,- հավելեց քահանան:

Տեր Եսայի Արթենացին անդրադարձավ մի քանի արտասովոր նախապաշարումների եւս։ Զատկի տոնի հետ կապված՝ շատերը հրաժարվում են օճառով լվացվելուց եւ գործ անելուց. «Սրանք սնոտիապաշտական սովորություններ են, կարելի է և´ օճառով լողանալ, և´ տնային գործերով զբաղվել, և´ կար կարող են անել, որևէ արգելք չկա»։

Հավատացյալների շրջանում ընդունված է Սուրբ ծննդյան տոնը համարել Փոքր Զատիկ, իսկ Հարության տոնը՝ Մեծ Զատիկ։ Մեր հարցին, թե ինչու է նման տարբերակում դրվում, Տեր Եսային պատասխանեց. «Զատիկը մեկն է, մեծ ու փոքր Զատիկ չի լինում, եկեղեցին երբեք այսպիսի հրահանգներ չի տվել հավատացյալներին, և սրանք ևս համարվում են անտեղյակությունից ծագած ժողովրդական անիմաստ սնոտիապաշտություններ: Զատիկ բառը գործածվում է միայն Սուրբ Հարության տոնի համար»։

Պատրաստեց Անի Ղումաշյանը

3046