«Ինչ էլ լինի գնալու ենք, հա, կուրսը ցածր է հիմա, գործը համեմատ քիչ, կամ շատ դժվարությամբ ճարվող, բայց ուրիշ ճար էլ չունենք, հո չե՞նք ասելու` պատերազմ է ու անգործ նստենք, է, էս կռիվը, հնարավոր է, մինչեւ ամառ գնում է, հետո՞»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց 20 տարի շարունակ արտագնա աշխատանքի մեկնող Արտակ Հագոյանը` խոսելով ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկերի, հնարավոր խնդիրների մասին:


Նա նշեց, որ որքան էլ ընթացող շինարարությունների քանակը նախորդ տարիների համեմատ զգալի նվազել է, միեւնույն է, մեկնողների քանակը քիչ տոկոս չի կազմում.

«Ես շուրջ 20 տարի է` գնում-գալիս եմ, սենց բան չի եղել, որ էսքան քիչ գործ լինի անելու, բայց միեւնույն է, շատերը գալիս ու աշխատում են: Ես բրիգադիր եմ, իմ աշխատողները հիմա էլ 8 ամսով եկել են, գործ կա, հենց հիմա էլ աշխատում ենք շինարարությունում»:

Արտագնա աշխատանքի մեկնելու ցանկություն ունեցողներից մի քանիսն էլ նշեցին, որ մտադրություն ունեն գնալու, բայց միջոցներ այս պահին չունեն, պարտք պետք է վերցնեն. 
«Հիմա Ռուսաստանում էնքան է թանկացել ամեն ինչը, որ անգամ տեղի ապրողի համար է սկսել դժվարանալ ապրուստը, ուր մնաց թե էդ արժեզրկված փողով մարդիկ կարողանան համ գնան հասնեն Ռուսաստան, համ ապրեն, համ աշխատեն։ Սրանից դրդված էլ շատերը էս պահին ռիսկային են համարում ՌԴ-ում աշխատելը»:

Մի քանիսն էլ կեսկատակ-կեսլուրջ բնորոշեցին այս պահին տիրող իրավիճակը.

«Կարճ ասեմ` հասկացեք, տաջիկները Ռուսաստանը թողած արդեն 2 ամիս ա Հայաստանում են շինարարության վրա աշխատում, այ տենց վատ ա գործը Ռուսաստանում»:

Հայկական «Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը մեզ հետ զրույցում մտավախություն հայտնեց, որ Հայաստանից մեկնող աշխատանքային միգրանտները պարզապես չեն կարողանա աշխատանք գտնել ՌԴ-ում.

«Ռուսաստանում առկա ոլորտներում, որտեղ Հայաստանից մեկնող աշխատանքային միգրանտներն աշխատում են, հնարավոր է որոշ ժամանակ անց աշխատանք չկարողանան գտնել: Նման ոլորտ է այս պահին շինարարության ոլորտը: ՌԴ-ում ամբողջ շինանյութը ներմուծվում է, նույնիսկ այն հումքը, որ Ռուսաստանում են արտադրում` ցեմենտ: Այսինքն՝ այն, ինչ իրենք ունեն, սպառելուց հետո կկանգնեն արդեն խնդրի առջեւ, որովհետեւ շինարարություն չեն կարող անել զուտ նրա համար, որ չունեն շինանյութ»:

Բեժանյանը նշեց, որ այժմ ՌԴ-ում հատկապես շինարարական աշխատանքներ իրականացնող միգրանտների շրջանում հսկայական խարդախություններ են կատարվում.

«Միգրանտներին սովորաբար գործատուներն առաջարկում են չեղարկել կամ դադարեցնել աշխատանքային պայմանագիրը, աշխատել առանց պայմանագրի`խոստանալով վճարել նույնքան, որքան պայմանագրի առկայության դեպքում: Սա լավ բանի մասին չի խոսում: Հնարավոր է` նման գործարքից հետո աշխատողներն ուղղակի չստանան աշխատավարձ, այսինքն իրենք որեւէ հիմք չեն ունենա չվճարվելու դեպքում դիմել դատարան եւ պահանջել իրենց աշխատած գումարները»:

Տաթեւիկ Բեժանյանը զրույցի վերջում նկատեց, որ այսօր Հայաստանն էլ կարող է այլընտրանք լինել նրանց համար, ովքեր դեռեւս չեն մեկնել արտագնա աշխատանքի.

«Հայաստանում շատ կազմակերպություններ պնդում են, որ իրենք ունեն շինարարների մեծ պահանջարկ եւ առաջարկում են աշխատատեղ, պարզապես չեն կարողանում գտնել որակյալ շինարարներ, եւ որքան հասկացա, նույնիսկ պատրաստ են բավականին լավ վճարելու»,- եզրափակեց Բեժանյանը:

Աննա Չիբուխչյան

5516