
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանության է արժանացրել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին գործը Սաուդյան Արաբիային փոխանցելու որոշումը, ուրբաթ հաղորդել է Euronews հեռուստաալիքի թուրքական ծառայությունը:
Նախարարության այս քայլը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից, երբ թուրք նախարարը կոչ էր արել կարճել Սաուդյան Արաբիայի 26 քաղաքացու դեմ բացված գործը, որոնց մեղադրում էին Խաշոգջիի սպանության մեջ:
Գործի շրջանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունները համընկնում են Անակարայի եւ Էր Ռիադի միջեւ հարաբերություններում նկատվող հալոցքի հետ. երկրների հարաբերությունները պատմական նվազագույնին էին հասել լրագրողի գործից հետո:
Խաշոգջին, որը Washington Post-ի թղթակիցն էր եւ սովորաբար քննադատում էր Սաուդյան թագավորության գահաժառանգ արքայազնին եւ նրա վարած քաղաքականությունը, ենթադրաբար, սպանվել է սաուդացի գործակալների խմբի ձեռքով Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում 2018 թ.: Նրա մարմինը մինչ օրս չի գտնվել:
Դատավարությունը հեռակա կարգով հետաձգվել էր մինչեւ ապրիլի 7-ը: Հեռակա կարգով դատապարտվածների թվում են Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի երկու նախկին օգնականը:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ուրբաթ դատապարտել է Թուրքիային գործի հնարավոր փոխանցման համար, գրում է Ahval-ը: