
Ալբերտ Սուքիասյանն ապօրինի շինարարություն չի իրականացնում, քաղաքապետարանի տեղեկության մեջ կան անճշտություններ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։
Ի պարզաբանում «Հետք» պարբերականում հրապարակված այսօրվա հոդվածի` հայտնում եմ, որ Ալբերտ Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի Տիգրան Մեծի 17/4 հասցեում իրականացված ամրաշինական աշխատանքների հետ։ Թե ինչու է Երեւանի քաղաքապետարանն իր պարզաբանման մեջ նշում Ալբերտ Սուքիասյանի անունը, անհասկանալի է։
Հարկ եմ համարում սակայն նշել, որ նշված հասցեում առկա շինությունը կարիք ուներ ամրացման, որը և իրականացրել է շինարարական ընկերությունը։ Խնդիրն այն է եղել, որ շինարարը չի սպասել թույլտվության և սեփական տարածքում իրականացրել է ամրացման աշխատանքներ։
ՏԻՄ ներկայացրած տուգանքը և պետության առջեւ բոլոր պարտավորությունները շինարարական կազմակերպության կողմից ենթակա են մարման։ Հասարակությանն ապատեղեկատվությունից զերծ պահելու համար ևս մեկ անգամ կրկնում եմ, որ տեղի ունեցածը ամրացման աշխատանքներ են սեփական տարածքում։