ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության մի շարք  հանգամանքներ, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  2022 թ. ապրիլի 10-ին՝ ժամը 23:20-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ  էր ընդունվել Գորիս քաղաքի՝ 1966 թ. ծնված բնակիչը, մահացած վիճակում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում այսօր՝ ժամը 09:20-ին, Գորիսի քննչական բաժին է ներկայացել նույն քաղաքի 32-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական  ցուցմունք:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ( սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

1018