Հայաստանցիները և զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը՝ միասին տոնելով Սուրբ Զատիկը, որն իր մեջ կրում է Հարության և նոր կյանքի փրկության խորհրդանիշ։ Միջոցառումը կիրականացվի «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ –ը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնում կներկայացվեն ԵՀՍԿ ՊՈԱԿ-ի սաների և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխանները համերգային ծրագրում հանդես կգան երաժշտական համարներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև սիրված երաժիշտներ: Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա միանալ վարպետության դասերին և պատրաստել օրվա խորհիդանիշ ձեռքի աշխատանքներ, ծանոթանալ երեխաների ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին, մասնակցել համաժողովրդական տոնախմբությանը։ «Զատկական փառատոն» - ի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրևորման և խոցելի խմբերի երեխաներին ինտեգրելու մշակութային կյանք:

Բոլոր երեխաները, այդ թվում՝ խոցելի խմբի երեխաները, ունեն որակյալ կրթություն ստանալու և հասարակության մեջ լիարժեք ներառված լինելու, հասարակության կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից օգտվելու և լիարժեք կյանքով ապրելու իրավունք։ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը խոցելի խմբերի երեխաների զարգացման համար շատ կարևոր դեր ունի, որտեղ երեխաները կարող են փորձել և բացահայտել իրենց կարողությունները, ստեղծագործական գործունեություն ծավալել, ձեռք բերել նախնական մասնագիտական հմտություններ, գտնել նոր զբաղմունքներ և ընկերներ։ Միջոցառումը տեղի կունենա ՝ Ապրիլի 17-ին, ժամը 14։00-ից 20։00, ք. Երևանի Աբովյան15/1, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում։ Փառատոնին աջակցում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Ֆորմիակ Արտ ընկերությունը և ՀԵՀԵՄ գրասենյակը։ Սիրելի՛ մասնակից, մենք ընտրել ենք փառատոնի խորհրդանիշ գույն՝ կարմիրը, ցանկալի է, որ այդ օրը կրեք կարմիր հագուստ կամ որևէ կարմիր գույնի դետալ։

603