
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, երկիրը սկսել է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։
«Որքան ես գիտեմ, վերջին վճարումները ռուբլով են եղել, բայց համապատասխան փոխարժեքով»,-ասել է նա РБК-ին տված հարցազրույցում: Ըստ Քերոբյանի՝ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով։
«Իսկապես, արդեն մի քանի տարի է, ինչ «Գազպրոմը» Հայաստանին գազ մատակարարելու պայմանագիրով թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է»,-РБК-ին հաստատել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
«Գազպրոմը» Հայաստանին բնական գազի միակ մատակարարն է ։ Հայաստանի գազահաղորդման ցանցի օպերատորը «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ կոնցեռնի ամբողջությամբ պատկանող դուստր ձեռնարկությունը: Ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում է 165 դոլար 1000 խմ-ի դիմաց։ Անցյալ տարի Հայաստանը Ռուսաստանից գազ է գնել 414 մլն դոլարով, նավթամթերք՝ մոտ 270 մլն դոլարով։
Մարտի վերջին նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով նախատեսվում է, որ ռուսական գազն այժմ պետք է վաճառվի ռուբլով։ Բայց դա վերաբերում է միայն «անբարյացակամ» երկրներին, առաջին հերթին Եվրամիության անդամներին, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայում շարունակվող ռազմական հատուկ գործողության։
Հայաստանը չի միացել այս պատժամիջոցներին։ Բայց մարտի 23-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ հանրապետությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ռուբլով հաշվարկների շուրջ։
«Այս հարցը քննարկվում է, քանի որ քննարկվում է նաև ԵԱՏՄ-ում մաքսատուրքերից արժույթի բաշխման հարցը։ Բնականաբար, երկրներն առաջարկում են, որ այս հարցի լուծմանը զուգահեռ լուծվեն ներմուծվող ապրանքների համար մեծածավալ արտահանվող արժույթի գործիքավորման հարցերը»,- այն ժամանակ ասել էր նա։ Հայաստանը և Ռուսաստանը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ միասին Եվրասիական տնտեսական միության անդամներ են։
Ինչպես РБК-ին տված հարցազրույցում ասել է Քերոբյանը, «փոխըմբռնում կա», որ ԵԱՏՄ անդամների միջև հաշվարկներում «անհրաժեշտ է շարժվել դեպի ազգային արժույթներ», և «ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա»։
«Կարիք չկա վճարման հնարավոր եղանակներից բացառել հայկական դրամը կամ ղազախական տենգեն։ Կարծում ենք, որ երկրների կենտրոնական բանկերը պետք է համապատասխան միջավայր ստեղծեն, որպեսզի ազգային արժույթով վճարումներ կատարվեն տեսանելիությամբ կամ փոխարժեքի կանխատեսելիությամբ»,- հավելել էր նա։