21 տարին լրացած ցանկացած առողջ քաղաքացի կարող է գնալ ավտոմեքենայի վարորդական վկայականի նման սովորել, քննություն հանձնել և ձեռք բերել զենք: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով  շրջանառվող «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զենքի օրենքը փոխելու մասին դեռ խոսել է  2014-2015 թվականներին, և սա վաղուց սպասված օրենք էր Հայաստանում: Նա նշեց, որ այս օրենքի մշակման համար բավականին լավ թիմ է մշակվել, պաշտպանության հանձնաժողովի փորձագետներ, շահագրգիռ մասնագետներ:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե վտանգ չի՞ տեսնում, որ  հանցագործությունների թիվը կավելնա, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մեր ուսումնասիրությունները ապացուցել են ամբողջ աշխարհում, որ զենքի հասանելիությունը հանցագործություններին չի նպաստում, այլ ընդհակառակը՝ կանխում է հանցագործությունները: Նա նկատեց նաև, որ այս օրենքը սխալ է մեկնաբանվում, այն ներկայացվում է որպես ազատականացում, սակայն այս օրենքն իր հետ բերում է զենք կրելու բազում բարդություններ, քննություններ, թեստեր, որոնք այսօր գոյություն չունեն: «Այսինքն՝ մասնագիտական դասեր պետք է լինեն, քննություն լինի, նոր միայն ձեռք բերվի»,-ասաց նա և նշեց, որ ռիսկեր չի տեսնում:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում հանցագործություններ կատարվում են միայն ապօրինի զենքերով, օրինական զենքերով հանցագործությունները չնչին տոկոսներ են կազմում։ Ընդ որում այն երկրներում, որտեղ հարյուր քաղաքացուն բաժին է հասնում 50 և ավելի զենք, այդ երկրներում զենքերով հանցագործությունները կտրուկ նվազում են»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե սահմանամերձ համայնքներում զենքի տրամադրման վերաբերյալ օրենքի նախագիծ կազմելը արդյոք ավելի անհրաժեշտ չէր, նա ասաց, որ մեկը մյուսին չպետք է հակադրել,  և դա կոմպլեքս հարց է, որը պետք է առանձին դիտարկել:

 

1479