«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի»,- այսօր` ապրիլի 28-ին կայացող Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է սույն որոշումը, որի նպատակն է ՀՀ օրենսդրության սահմաններում իրականացնել բնակելի տարածքների սեփականաշնորհում, ապահովելով Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց՝ մշտական բնակարաններով:
Կառավարության որոշմամբ սահմանվում է նշված անձանց կողմից սեփականաշնորհվող բնակելի տարածքի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով կազմված հատակագիծը ներկայացնելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու հանդիսացող բնակիչների միջոցների հաշվին:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
Այս որոշման իրականացումը կապահովի երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքներին բնակարանով եւ կնպաստի բնակչության կենցաղային պայմանների բարելավմանը: