«Ընդդիմության ամենօրյա ցույցերով պայմանավորված՝  քաղաքի կենտրոնում տուրեր իրականացնելու խնդիր ունենք. նման իրավիճակում անհնար է քաղաքի մի կետից մյուսը հասնելը, ինչի պատճառով մեքենայով տուրեր այս օրերին չենք անում, փոխարենը փորձում ենք ոտքով հասնել նախընտրած վայր, ինչը դժգոհություններ է առաջացնում զբոսաշրջիկների մոտ»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց One way տուր-գործակալության տուր-մենեջերը` խոսելով ընդդիմության կողմից իրականացվող ցույցերի հետեւանքով հանդիպող անհարմարություններից:

Միջմարզային տուրեր կատարելիս էլ այլ խնդրի են բախվում. «Միջմարզային ճանապարհներին եւս լինում են դեպքեր, որ, դարձյալ այս իրավիճակով պայմանավորված, փակում են, ինչով պայմանավորված էլ ուշացումներ ենք գրանցում արդեն սահմանված ժամից: Մի պահ Երեւան-Սեւան ավտոմայրուղին էին փակել` մի քանի ժամ ուշացանք»:

Տուր-մենեջերի դիտարկմամբ, իրականացվող ցույցերն ուղղակիորեն անդրադառնում են զբոսաշրջիկների թվի վրա. նրանց մոտ անվստահության զգացողություն կա.  «Շատ հաճախ են լինում դեպքերը, երբ արդեն ամրագրում կատարած զբոսաշրջիկները այս օրերին զանգահարում են ճշտելու` ինչպիսին է իրավիճակն այստեղ, արդյոք կարգին է ամեն բան։ Մենք իհարկե նշում ենք, որ չափից դուրս մեծ անհանգստություն ցուցաբերելու կարիք չկա այս պահին, բայց, կցանկանամ նշել նաեւ, որ շատ անգամներ էլ իրավիճակն ուռճացված է ներկայացվում նրանց ու արհեստական վախի կամ անհանգստության  մթնոլորտ է ձեւավորվում»:

Այս ամենի հետ մեկտեղ մասնագետը նկատեց, ըստ վերջին ամիսների զբոսաշրջության վիճակագրության` 2021թ.-ի համեմատ աճ են գրանցել, ռուսաստանցիների առատ հոսքը դեպի Հայաստան մինչ այժմ շարունակվում է, ավելին` գնալով ուժգնանում է. «Միգրացիոն գործոնով պայմանավորված, այն ռուսաստանցիները, որոնք վերջին ամիսներին եկել էին Հայաստան, հիմա արդեն իրենց հարազատներին` ծնողներին, քույրերին ու եղբայրներին են հրավիրում այստեղ։ Առատ էր հոսքը նաեւ մայիսյան հաղթանակներով պայմանավորված»:

Տուր-մենեջերը այնուամենայնիվ նշեց, որ չնայած ստեղծված դժվարություններին` զբոսաշրջիկները մեր երկրից մշտապես հեռանում են գոհ թե´ մարդկանցից, թե´ ընդունելությունից ու հյուրասիրությունից:

Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

1703