
Սա պետական մակարդակով կազմակերպված միջոցառում չէր, այն կազմակերպվել է Մոսկվայից և Հայաստանից ժամանած կամավորների կողմից «Հաղթանակի հերոսներ» հայրենասիրական նախագծի շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի աջակցությամբ: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը՝ անդրադառնալով երեկ՝ մայիսի 9-ին, Արցախում Խորհրդային Միության դրոշով իրականացված երթին:
«Առաջին տարին չէ, որ երթը կազմակերպվում է, այս անգամ որոշեցին Խորհրդային Միության դրոշ հանել, քանի որ բոլորս էլ գիտենք, որ մայիսի 9-ի հաղթանակը մի քանի մասից է բաղկացած, այդ թվում՝ Խորհրդային Միության հաղթանակն էր բնութագրում»,- ասաց նա և նշեց, որ տարբեր մեկնաբանություններ են եղել այդ առիթով, այդ թվում՝ նաև դրական գնահատականներ են հնչել: Պատգամավորը նկատեց, որ հատկապես այս աշխարհաքաղաքական իրողությունների մեջ տրամաբանական է, որ ռուսական գործոնը՝ հանձինս խաղապահների առկայության պարագայում, պետք է ավելի ընդգծված լինի:
Ինչ վերաբերում է նոր Ռուսաստանի միութենական միության մասին խոսակցություններին, ապա Արամայիս Աղաբեկյանն ասաց, որ նախ այդ մասին պաշտոնական ոչինչ չկա, երկրորդն էլ՝ Արցախը շատ էլ ցանկանա, չի կարող դա քննարկել, քանի որ միջազգային իրավունքով ճանաչված սուբյեկտները կարող են ստեղծել նման միություն, և սա արդեն Հայաստանի Հանրապետության որոշումը պետք է լինի:
«Կարծում եմ, որ փչված փուչիկ կա այդ առումով: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս աշխարհաքաղաքական իրողությունների դեպքում Արցախի համար կարևոր է, որպեսզի ռուսական խաղաղապահները երկարաժամկետ մնան այստեղ: Հեռվից մի քիչ այլ կերպ է երևում, բայց այստեղ ապրող հայերի համար անվտանգային երաշխիքների տեսանկյունից ռուսական գործոնը բավական մեծ նշանակություն ունի»,- ասաց նա:
Արցախի պատգամավորը նշեց, որ այս դրոշի թեման շահարկվեց, օգտագործվեց, ներքաղաքական ենթատեքստ տրվեց դրան, թեև սա պաշտոնական մակարդակով կազմակերպված միջոցառում չէր: Ըստ նրա՝ այդ շահարկումները մեր դեմ են աշխատում: «Եթե այդպիսի միջոցառում կազմակերպեր պետությունը և անտեսեր մեր հաղթանակները, միանշանակ քննադատությունները օբյեկտիվ կլինեին, բայց այս միջոցառումը կազմակերպել է ռուսական համայնքը»,- ասաց նա: