Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում մայիսի 10-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա 17 համարի ներքո:

Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Գարիկ Պապոյանն ու Հրաչուհի Ութմազյանը:

Քվեարկել կարող են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան և եվրատեսիլյան մեծ հնգյակից՝ Իտալիան ու Ֆրանսիան։ Քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել Ձեր բնակության երկրի Հանրային հեռուստաընկերությամբ։

Ռոզա Լինի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:

«Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելն, Էլի Քրիսթանլ, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանն:

2018