Արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալներն ընդլայնել ենք: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ առաջիկայում ներդնելու են նոր համակարգ:

 «Մենք աշխատում ենք կանխիկ շրջանառության կանխման ուղղությամբ և առաջիկայում պետք է ներդնենք հետևյալ համակարգը, որ բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի նկատմամբ պետք է կիրառենք զեղչերի համակարգ: Այսինքն, եթե թոշակառուն առևտուրը իրականացնում է բանկային քարտի միջոցով, ուզում ենք զեղչերի համակարգ ներդնել, որն ունի մի քանի նշանակություն. առաջինը սոցիալական նշանակությունն է, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատումը, և երրորդը՝ դրա արդյունքում կարող են ավելի արդյունավետ դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը և գտնել կենսաթոշակառուների կարիքների առավել զգայուն կետերը»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ սա պետության և մասնավորի համագործակցության կարևոր օրինակ է. մինչև տասը տոկոս զեղչեր կսահմանվեն, և հույս ունեն, որ կհամաֆինանսավորվի կառավարության, բանկային համակարգի և, արդեն, մասնավորի կողմից: Նա նշեց, որ խոսակցություններ են ունեցել տարբեր ընկերությունների հետ՝ այս ծրագրում ներգրավելու համար, և ոչ բոլոր ընկերություններն են տեղյակ այս ծրագրից, և կոչ արեց, որպեսզի ընկերությունները  նախաձեռնություն ցուցաբերեն:

«Այսպիսով թոշակառուն թոշակը ստանում է քարտով, եթե ինքը նաև առևտուր է իրականացնում քարտով խանութներից, դեղատներից և այլն, ավտոմատ զեղչեր են կիրառվում, կամ հետվճարային համակարգ է կիրառվելու: Եթե շատ ուղիղ ասենք, խոսքը թոշակները տասը տոկոսով բարձրացնելու մասին է, բայց մի փոքր այլ մեխանիզմով, սա մոտավորապես նույն մոդելն է, որն իրականացնում ենք ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման դեպքում»,- ասաց նա և հույս հայտնեց, որ հունիսի կեսից կսկսի գործել ծրագիրը:

 

7056