Հայաստանի եւ Հունաստանի ժողովուրդների բարեկամությունը ամրապնդվել է դարերի ընթացքում։ Երկու երկրներն էլ ունեն բավականին հին քաղաքակրթություն եւ կարողացել են իրենց ուրույն դերը պահպանել համաշխարհային պատմության մեջ` մշտապես պայքարելով իրենց ազատությունն ու անկախությունը պահպանելու համար։

 

Հունաստանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որի ժխտողականության քրեականացումը Հունաստանի հաստատուն քաղաքական գծի շարունակությունն է: 1909թ. Ադանայի կոտորածներից, 1915թ. Հայոց ցեղասպանությունից և 1922թ. Զմյուռնիայի ջարդերից փրկված տասնյակ հազարավոր հայերի Հունաստանն ապաստան է տվել: Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգներն այսօր յուրատեսակ կամուրջ են հանդիսանում երկու երկրների միջև:

 

Շատ կարևոր է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը՝ մարտահրավերներին միասնական դիմագրավելու և ընդհանուր շահերը պաշտպանելու առումով: Երկկողմ համագործակցությունը հատկապես նկատելի է ռազմական ոլորտում. հայ սպաների համար Հունաստանում ուսումնառության ծրագրեր են կազմակերպվում:

 

Այսօր Հունաստանի խորհրդարանը քննարկել է Ադրբեջանի հետ «համագործակցության հուշագրի» վավերացումը կասեցնելու հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով: Ըստ խորհրդարանի փոխնախագահ Նիկիտաս Կակլամանիսի` որոշումը կայացնելու է խորհրդարանի նախագահը՝ կառավարության հետ խորհրդակցելուց հետո: «Այնուամենայնիվ, ես կարող եմ դիրքորոշում ունենալ, և իմ դիրքորոշումը ակնհայտորեն հայերի օգտին է»,- ասել է Կակլամանիսը:

1212